Հասարակություն

Ապրիլյան գործողություններից հետո հոգեբաններն աջակցություն են ցուցաբերել եւ Արցախում, եւ Հայաստանում

annanazaryan

Ապրիլյան ռազմական գործողություններից հետո Հայկական հոգեբուժական ասոցիացիան ու հոգեկան առողջության ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպություններն անվճար հոգեբանական ու հոգեբուժական օժանդակություն են ցուցաբերել մարտական գործողություններին մասնակից զինվորներին  ու նրանց ընտանիքներին Հայաստանում ու Արցախում: Այսօր նրանք հայտարարել են, որ պատրաստ են շարունակել աջակցությունը զինվորներին ու նրանց ընտանիքի անդամներին:

 

Ռազմական գործողություններին մասնակից զինվորների մեծ մասն ու նրանց ընտանիքի անդամները  շատ հաճախ հոգեբանական լուրջ խնդիրների առաջ են հայտնվում տեսածից ու լսածից հետո։ Այս պայմաններում անհրաժեշտ է դառնում հոգեկան ու հոգեբուժական աջակցությունը։ Այս նկատառումից ելնելով ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիանի վարիչ  Խաչատուր Գասպարյանը համակարգել է ապրիլյան ռազմական  գործողություններից  հոգեբանորեն տուժած զինվորների ու նրանց ընտանիքների անդամներին օժանդակություն տրամադրելու գործը։

Այսօր հոգեբանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր զինվոր, որ զորացրվում է, կարիք ունի լուրջ ուշադրության, քանի որ այսօրվա զորացրվող զինվորը ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ այս կամ այն չափով առնչվել է այդ օրերի լարվածությանը: Ինչ է պետք անել առաջին հերթին։ Խորհուրդ հոգեբանից, «Հիմա մենք մի փուլ ենք թեւակոխել, երբ երկու ամիս հետո սկսում է մարդը մտածել, թե ինչ տեղի ունեցավ,  ինչու դա տեղի ունեցավ: Եթե այդ հարցը իր մոտ չգնահատվածություն, անարդարության զգացողություն, ճնշվածություն ընկճվածություն է առաջացնում, ապա նա Հայաստանի համար արարող քաղաքացի չի դառա»։

Ի դեպ հոգեբանը հայտնեց, որ ապրիլյան գործողություններից հետո համապատասխան օգնություն է ցուցաբերվել Արցախում 121, ՀՀ-ում` 94 մարդու:  Հայկական հոգեբուժական ասոցիացիայի  նախագահ  Արմեն Սողոյանի կարծիքով՝ Հայաստանում պատերազմի դասեր  չենք անցել ոչ  ընտանիքներում և ոչ էլ դպրոցներում: Պետք է կարողանալ կենտրոնանալ դրականի վրա:

Այսօրվա իրավիճակին անդրադառնալով՝ հոգեբանները խորհուրդ են տալիս ուշադիր լինել զորացրվող զինվորների նկատմամբ՝ միշտ լսել նրանց՝ երբ խոսում են: Երբ պատմում են վատ բաների մասին՝ հարցնել,  թե ինչ լավ բաներ են եղել այդ ընթացքում, որպեսզի նրանք կենտրոնանան լավ հիշողությունների վրա, ուշադիր լինել սնվելու, քնի եւ տրամադրության նկատմամբ։

Back to top button