ԿարևորՀասարակություն

Ժողովրդագրությունը Հայաստանում հիվանդ է՝ հայտնում է ժողովրդագիրը

hasmikdilanyan

1987 թվականի հուլիսի 11-ին  աշխարհի բնակչությունը հատեց 5 միլիարդի սահմանագիծը:  Այդ օրը պայմանականորեն անվանվեց   5 միլիարդի օր: 1989 թվականին ՄԱԿ-ն այս օրը հռչակեց որպես Երկրագնդի բնակչության համաշխարհային օր: Սա այն օրն է, երբ  մասնագետները հավաքվում ու  քննարկում են  ժողովրդագրական խնդիրները:  Ժողովրդագրությունը Հայաստանում հիվանդ է՝ հայտարարում է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը՝ ներկայացնելով մեր երկրում իրավիճակը։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակն այսօր ՄԱԿ-ի հետազոտության արդյունքներն է ներկայացրել՝ այս տարվա   հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմել է 2 մլն 998 հազար մարդ: 

 

Մահ- ծնունդ- ամուսնություն- ամուսնալուծություն. բնական վերարտադրության  քառակողմ ամբողջությունն է՝ ըստ մասնագետների: Մեր երկրում ծնելիության մակարդակը շարունակելու է նվազել, սա իր գիտական բացատրությունն ունի՝ ըստ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի։ Ծնելիության տարիք են մտել 90-ականների երկրորդ կեսի  փոքրաթիվ սերունդը, որն էլ   փոքրաքանակ սերունդ է ունենալու:

Ամուսնությունները  դեռ պահպանվում են, քանի որ  ընտանիքը  դեռ  կարեւորագույն արժեքներից մեկն է: Շարունակաբար աճում է  առաջին ամուսնության միջին տարիքը թե կանանց, թե տղամարդկանց մոտ:  «Մի բան է, եթե մարդը ամուսնանում է 20  տարեկանում, մի այլ բան, երբ մարդն ամուսնանում է 30 տարեկանում: Այստեղ արդեն ֆիզիկական հնարավորություններն էլ են սահմանափակվում՝ ցանկալի թվով երեխաներ ունենալու»։

Հայաստանում  մարդը չի կարողանում  իր ցանկություններին ու պատկերացումներին  համարժեք  թվով երեխաներ ունենալ՝ ընդգծում է ժողովրդագիրը:

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը մեկ առ մեկ թվարկում է  ծնելիության աճին ուղղված բոլոր քայլերը՝ երրորդ և   չորրորդ  ավելի երեխայի  ծննդյան դեպքում ՝ մեկ մլն դրամ,  հինգերորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ 1,5 մլն դրամ: Տարեկան շուրջ 30 հազար չաշխատող մայր 126 հազար դրամ մայրության նպաստ է ստանում՝ շարունակում է  պաշտոնյան ու տեղեկացնում՝ օրակարգում է  նաև Ժողովրդագրական իրավիճակի բարելավման եռամյա ծրագիրը:

Քայլեր արվում են, սակայն, դրանից միգրացիոն պատկերը գրեթե չի  փոխվում: Ժողովրդագիր  Ռուբեն Եգանյանի ներկայացմամբ՝ ամեն տարի Հայաստանից մեկնում ու չի վերադառնում  մոտ 40 հազար մարդ՝ կամ բնակչության ՝ 1,5 տոկոսը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանի ներկայացմամբ,  ՄԱԿ-ի 2016 թ.- ի հետազոտության համաձայն,  այս տարվա   հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմել է 2 մլն 998 հազար մարդ:

Այս ցուցանիշը նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ նվազել է 14 հազարով:  «Ավելին, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ բնակչության թիվը նվազել է ևս 4000-ով: Այսինքն՝ բնակչության թիվը կազմում է 2 մլն 994 հազար մարդ»,- ասում է  Աննա Հովհաննիսյանը՝ նկատելով՝ եթե նույն տեմպերը շարունակվեն, ապա հաջորդ տարի ՀՀ-ում բնակչության թիվը կպակասի ևս 16 հազարով:
«2011թ.-ի մարդահամարից հետո  թվերը նվազել են: Մարդահամարի արդյունքներով եղել է 3 միլիոն 18 հազար մարդ, 5 տարում դարձել է 2 մլն 994 հազար մարդ»,- նշեց ՄԱԿ- ի հայաստանյան  գրասենյակի ներկայացուցիչը:

ՄԱԿ- ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով «այսօրվա իրավիճակում, հաշվի առնելով ներկայիս գործոնները, Հայաստանում 2050 թվականին դրական առումով կարող է լինել 3 մլն 100 հազար մարդ, իսկ եթե բացասականը դիտարկենք՝ 1 միլիոն 700 հազար մարդ: Բայց սա ընդամենը կանխատեսում է: Երկրորդ՝ ապրիլի 2-ի կրկնության ժամանակ ամեն ինչ կարող է փոխվել մեկ ժամվա ընթացքում»:

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանն ընդհանուր ժողովրդագրական իրավիճակը  մտահոգիչ է  համարում։ Առողջապահության նախարարության մայրական վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը առողջապահության մասով իրավիճակը բարվոք է գնահատում,  ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերն արդյունավետ  գնահատում։ «Կյանքի միջին տեւողությունը 74 տարի է, տղամարդկանց համար՝ 71, կանանց համար՝ 78, անում ենք ամեն ինչ, որպեսզի տղամարդկանց մոտ  վաղաժամ մահացության պատճառները  վեր հանենք, իջեցնենք կորուստները»,- ասում է ԱՆ ներկայացուցիչը:

Back to top button