Հասարակություն

Զվարթնոցի շենքը բարբարոսաբար քանդվում է

sonahakobyan

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճակատագրին են այսօր անդրադարձել ճարտարապետերը: Խոսելով ապամոնտաժման աշխատանքների մասին՝ ճարտարապետ, «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հեղինակի դուստրը՝ Անահիտ Թարխանյանը,  վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանն ու  «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը նկատել են, որ այն, ինչ կատարվում է օդանավակայանում, բարբարոսություն է ազգային արժեքի նկատմամբ: Խնդրով մտահոգ ճարտարապետերն անգամ չգիտեն արդյոք  քանդման աշխատանքներն իրականացնող շինարարական ընկերությունը համապատասխան արտոնագիր ունի՞, թե՞ ոչ: Դիմել են բոլոր պատկան մարմիններին, բայց արձագանք չեն ստացել: Համատարած անտարբերությունից մտահոգված մասնագետները չեն բացառում, որ այստեղ նաև կոռուպցիոն ռիսկեր կան:

 

 

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդման դեմ ուղղված բողոքի ցույցը որեւէ արձագանք չգտավ: Մշակութային արժեքի ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են: Միայն թե  «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հեղինակի` Արթուր Թարխանյանի դուստրը` ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ով վերջին անգամ հուլիսի 7-ին է եղել օդանավակայանում, շարունակում է պնդել, որ ոչ թե ապամոնտաժում, այլ պարզապես բարբարոսաբար քանդում ու ջարդում են շենքը:

Խնդրով մտահոգ ճարտարապետերն անգամ չգիտեն արդյո՞ք քանդման աշխատանքներն իրականացնող շինարարական ընկերությունը համապատասխան արտոնագիր ունի, թե՝ ոչ: Անգամ օդանավակայան մուտք գործել հնարավոր չէ, խստիվ արգելված է մուտքը՝ նկատեց Անահիտ Թարխանյանը:  «Զվարթնոց» օդանավակայանի ճակատագրով մտահոգ ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչ Պողոսյանը նկատեց, որ եթե անգամ մասնաշենքն ունեցել է խնդիրներ, պետք է այդ խնդիրները վերացնեին, և ոչ թե շենքը հիմնովին քանդեին:

Հրաչ Պողոսյանն այստեղ նաև բարոյական խնդիր է տեսնում: Արգենտինաբնակ հայ գործարար Էդուարդո Էռնեկյանը երեւի լավ չի պատկերացնում` ինչ է անում՝ նշեց ճարտարապետը:

Հրաչ Պողոսյանը ոչ պակաս զարմացած է կառավարության լռությունից և անտարբերությունից: «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանն ընդհանրապես չի հասկանում՝ ինչպես կարելի է քանդել մի բան՝ առանց նորի նախագծի:

Անահիտ Թարխանյանը հրավիրում է դատախազության ուշադրությունը. սկսված են քանդման աշխատանքներ` վնասվում է պետական գույքը: Ճարտարապետերը չեն բացառում, որ «Զվարթնոցի» հին մասնաշենքի ապամոնտաժման գործում կոռուպցիա կա: Նաև նշում են, որ միայնակ չեն կարող պայքարել անօրինականության դեմ: Մշակութային արժեքի պահպանության համար անհրաժեշտ է նաև հասարակության միահամուռ պայքարը, ինչը չկա՝ նկատեցին ճարտարապետները:

Back to top button