Քաղաքական

Ա. Իսկանդարյան. Քաղաքական ուժերն ընտրություններին նախապատրաստվում են վստահության դեֆիցիտի պայմաններում

lusinevasilyan

Հանրությունը դեռևս չի գիտակցում առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարևորությունը.  նախագահական ընտրություններ այլևս չեն լինելու, ու առաջիկա ընտրությունները փաստորեն հանրության միակ հնարավորությունն են դիրքորոշում հայտնելու՝ այսօր այս դիտարկումն արել  է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նախընտրական փուլը, ըստ վերլուծաբանի, իրապես կմեկնարկի աշնանը, բայց քաղաքական քասթինգն արդեն սկսվել է:

 

Ինչ հավակնություններով ու հնարավորություններով են քաղաքական ուժերը մոտենում նախընտրական շրջանին: Հարցին պատասխանելիս  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն հորդորում է առաջնորդվել այն իրողությամբ, որ   քաղաքական   ուժերն  առաջիկա ընտրություններին նախապատրաստվում են  վստահության դեֆիցիտի պայմաններում: Վերլուծաբանը, հիմնվելով տարբեր հարցումների վրա, նշում է, որ հանրության մոտ 75 տոկոսը կուսակցություններին չի վստահում: «Եթե 4-5 տարի առաջ հանրությունը չէր վստահում քաղաքական դաշտի իշխանական հատվածին, ապա հիմա անվստահությունը հավասարապես տարածվում է բոլորի վրա՝ թե իշխանականների, թե ընդդիմադիրների»:

Ուղղել իրավիճակը կամ  վերականգնել վստահությունն ընդամենը կես տարվա ընթացքում իրատեսական չէ, ուստի քաղաքագետը կարծում է,  որ գործի կդրվեն հին կամ արդեն ծանոթ զինատեսակները: Ոչ թե հանուն-ի, այլ ընդդեմ-ի տրամանությունը, Իսկանդարյանի կարծիքով, կգործի նաև առաջիկա նախընտրական շրջանում: «Քանի որ Հայաստանում ավանդաբար պահանջարկ ունի արմատական բառապաշարը, ապա ենթադրելի է, որ որքան մոտենան ընտրությունները, այնքան քաղաքական ուժերի բառապաշարն ավելի արմատական կդառնա: Այսինքն՝ կտեսնենք պայքար այն տրամաբանությամբ, թե ով  է ավելի կտրուկ արտահայտվում կամ  ով  է ավելի սուր քննադատում»:

Քաղաքականության հիստերիկ հատվածն ընտրությունների մոտենալով  ավելի ընդգծված կդառնա, քանի որ ծրագրեր ու իրական մեխանիզմներ առաջարկելն այդքան էլ պահանջարկ չունի: Դժգոհության ալիքը, ինչպես Իսկանդարյանն է ասում, քաղաքական ուժերին միավորներ կբերի, ոչ այնքան, որ լուրջ այլընտրանք դառնան իշխանությունների համար, բայց այնքան, որ խորհրդարանում ներկայացված լինեն:  Իսկանդարյանը մոտավորապես այնպիսի խորհրդարան է կանխատեսում, որը գործում է նաև հիմա: «Իմ պատկերացմամբ՝ Հանրապետական կուսկացությունը առաջիկա խորհրդարանում կվերցնի  տեղերի 51-ից 66 տոկոսը, մնացած մասը հարկ կլինի լրացնել այլ ուժերով»:

Արդյո՞ք ընտրապայքարում նորաստեղծ ուժերը մրցակցային առավելություններ ունեն: Իսկանդարյանը չի կարծում, որ քաղաքական ուժի թարմությունն ինքնին հաղթանակի գրավական է:  Ջրբաժանը, ըստ նրա, ոչ այնքան նոր թե հին սահմանագծն է, որքան ՝ ով ինչպես կաշխատի:  Չի բացառվում, որ հները նոր իրավիճակին համապատասխան փոխակերպումների դիմեն, առավել ևս որ դրա նախադեպերն ունենք:

Իսկ ավելի մեծ իմաստով Իսկանդարյանի գնահատմամբ դրանից ոչինչ չի փոխվի: «Ինչ տարբերություն խորհրդարանի 3 հոգանոց խմբակցությունը հին թե նոր ուժ կլինի կամ ինչ տարբերություն ԱԺ-ում հիստերիկ դրսևորումներ կցուցաբերի մեկ տարի առաջ ձևավորվա՞ծ, թե՞ արդեն 15 տարի գործող քաղաքական ուժը»:

Եվ վերջապես ինչ տարբերություն, թե որ քաղաքական ուժը կամ խմբավորումը չի կարողանա ազդել իրական քաղաքականության վրա ՝ ասում է Իսկանդարյանը:

Քաղաքական դաշտի հիմնական խնդիրը շարունակում է չլուծված մնալ՝ ընդդիմությունն իրական ազդեցություն չունի, իշխանություններին լուրջ այլընտրանք չէ։ Արդյուքնում՝ ընդդիմադիր ուժերը մրցակցում են ոչ թե իշխող կուսակցության, այլ միմյանց հետ: Դասական իմաստով իրական ընդդիմության կազմավորումը Հայաստանի համար խիստ կարևոր է, բայց նաև դժվար ու այս ընտրություններին՝ անիրագործելի:

Վերլուծաբանը  չի տեսնում որևէ նախադրյալ, որը կնպաստի  այդ իրական ընդդիմության ձևավորմանը:

Կարդացեք նաև

Back to top button