Հասարակություն

Արթիկում տիրում է սարսափելի անտարբերություն՝ ասում են կամավորականները

arminegevorgyan

Երկու մետրի հասնող ավազ ու քար, տիղմ, քանդված տներ, վնասված գույք, գարշահոտություն. այսօր հրավիրված ասուլիսին Արթիկի հեղեղումներից տուժած բնակիչների վիճակն այսպես ներկայացրին օրերս տուժածներին աջակցություն ցուցաբերած «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության կամավորականները: Նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ այդքանով հանդերձ, քաղաքում տիրում է սարսափելի անտարբերություն։  «Չկա աշխատելու շահագրգռվածություն ոչ քաղաքապետի, ոչ էլ հասարակ արթիկցիների մոտ։ Եթե արթիկցիները ոտքի կանգնեին, երկու օրում կմաքրեին։ Տասնհինգ օր հետո էլ բավականին  մեծ աշխատանք կա անելու։ Սպասում են տուժած մարդկանցից գումար վերցնեն՝ նոր մաքրեն»,- ասել  է Սոֆյա Հովսեփյանը:

Հունիսի 24- ին  տեղացած հորդ անձրեւը և դրան հաջորդած ջրհեղեղը վնասել էր Շիրակի մարզի  Արթիկ քաղաքի  20 տուն։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Սակայ ջուրը և սելավաջրերն ամբողջովին ավերել են տները։ Հունը փոխած գետը հոսել էր տների և բանջարանոցների միջով, իսկ ցեխի և քարերի մակարդակը որոշ տեղում կազմել էր  1,5 մետր։ Ջրհեղեղի պատճառն այն է, որ վերջին տասնամյակների ընթացքում այն կիրճում, որտեղով հոսում է գետը, կուտակվել  էին  մոտակա քարհանքերի թափոնները։

Դրանց հետևանքով գետի հունը փոխվել էր, ինչը հանգեցրել է քաղաքային ջրանցքի փակմանը։  Թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ աղետի հետեւանքները վերացնելու համար՝ հայտնի չէ։ Ըստ քաղաքապետի՝ միայն առաջին փուլի՝ մաքրման աշխատանքների համար կպահանջվի առավելագույնը մեկուկես ամիս։ Մանկապարտեզը, որտեղից ջրհեղեղի ժամանակ 70 երեխաների ու 27 աշխատակիցների էին տարհանել, առայժմ չի գործում:  Բնակիչներին կառավարությունը փոխհատուցում է տվել, սակայն, նրանց խոսքով, տված գումարը շատ քիչ է այն վնասների համեմատ, որը պատճառել է ջրհեղեղը:  Սակայն  Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը հավաստիացնում է, որ բնակիչները կառավարությունից դժգոհ չեն մնա:

Նշենք, որ աղետից 15 օր է անցել, բայց բնակչությունը դեռ անտարբերության է մատնված, բնակարանների խնդիրներն էլ լուծված չեն՝ այսօր բարձրաձայնեցին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամները։ Նրանք որպես կամավորականներ օրեր առաջ եղել էին Արթիկում՝ բնակիչներին օգնելու համար։ Նախաձեռնության անդամներից Սոֆյա Հովսեփյանը պատմեց, որ Արթիկի բնակչությանը օգնելու նպատակով իրենց են միացել նաև տարբեր կազմակերպությունների կամավորականներ, բայց միևնույն ժամանակ նկատում է, որ դրանով հանդերձ, քաղաքում սարսափելի անտարբերություն է տիրում։

Նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանն անդրադարձավ նախատեսված փոխհատուցումներին և պնդեց, որ տուժած բնակիչների վնասը շատ ավելին է, քան առաջարկված փոխհատուցումը։ Մաքսիմ Սարգսյանն էլ նկատեց, որ իրենց տեսած տներից առավելագույնը տուժել էին տասը։ Սահմանվել էր հատկացնել առավելագույնը 4,5 մլն դրամ, որը մեկ տուն է ստացել միայն , մինչդեռ, վնասները երեք, չորս անգամ շատ էին։

Նախաձեռնության անդամները նշում են, որ բացի բնակարաններից, անասնագոմեր էին վնասվել, ընտանի կենդանիներ սատկել, ինչի մասին վկայում էր տարածքի գարշահոտությունը. Սակայն կային տուժած բնակիչներ, որոնց անասնագոմերը  վնասվել էին, բայց նրանք փոխհատուցում չէին ստանալու, քանի որ այդ տարածքները սեփականաշնորհված չեն եղել, բայց մարդիկ տարիներ շարունակ օգտագործել են այդ անասնագոմերը:

Մաքսիմ Սարգսյանն էլ հավելում է, որ ջրհեղեղի իրական  պատճառի մասին շատ քիչ  է խոսվում։ Ոչ մեկ հեղեղատարների մասին  չի բարձաձայնում:

 

Back to top button