
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Դրանք բանակցություներ չեն, հանդիպումներ են՝ խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին այսօր այդպիսի բորոշում է տվել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: ԼՂՀ կառավարության ղեկավարը հանդիպել է Արցախում գտնվող «Լույս» հիմնադրամի շահառուների հետ: Աշխարհի տարբեր համալսարաններում ուսանող եւ տարբեր երկրներ ներկայացնող հայ ուսանողները երրորդ օրն է Արցախում են: Հեռավորության վրա եւ նաեւ այդ օրերի ընթացքում ծագած հարցերն այսօր նրանք հնարավորություն ունեցան ուղղել անձամբ Արցախի կառավարության ղեկավարին։ Վարչապետ Արայիկ Հարությունյանը բավականին անկեղծ էր, նաեւ որոշ խոստովանություններ են հնչել:
Խոստովանությունների շարքից էր այն, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից դուրս է մնացել Շահումյանի, Գետաշենի, ադրբեջանական բնակավայրերից գաղթած հայ փախստականների հարցը: Այն գործընթացը, որ տեղի է ունենում հիմա, ԼՂՀ վարաչպետը բանակցություններ չի համարում եւ չի կարծում որ Արցախի` դրանց միանալու խնդիր կա:
Միեւնույն ժամանակ, Արայիկ Հարությունյանի կարծիքով, ցանկացած հարց, որ քննարկվում կամ քննարկվելու է, պետք է ժողովրդի հավանությունը կամ մերժումը ստանա:
ԼՂՀ վարչապետին ուղղված հարցերի բացարձակ մեծամասնությունը ապրիլյան պատերազմին եւ դրա հետեւանքներին էր վերաբերում:
Ինչ տեղի ունեցավ եւ ինչ դասեր քաղեց Արցախի ղեկավարությունը այդ իրադարձություններից: Վարչապետ Արայիկ Հարությունյանը փորձեց վերլուծել իրադարձությունների պատճառն ու ընթացքը: Նրա մեկնաբանությամբ՝ Ադրբեջանը միշտ, ինչպես տարիներ առաջ այդպես էլ հիմա վախի մթնոլորտ ստեղծելու եւ դրա հետեւանքով քաղաքական շահեր հետապնդելու խնդիր ունի: Սակայն հայկական համարժեք քայլերը բոլոր այդ ձգտումները ի չիք դարձրին, ինչի հետեւանքով Ադրբեջանը արդեն լայնածավալ պատերազմի փորձ արեց:
ԼՂՀ վարչապետը համաձայն չէ այն բնորոշմանը, թե ապրիլյան հարձակումը պարզապես փորձարկում էր հետախուզական մարտով: Դա իսկական պատերազմ էր, որի չորս օրերի ընթացքում ձեռքբերված փաստերը ապացուցում են, որ Ադրբեջանը փորձում էր ուշադրությունը շեղել, կենտրոնում` Ստեփանակետի վրա հարվածելու համար, ինչը նրան չհաջողվեց:
Որ հարձակման առաջին ժամերին իրավիճակը գնահատելու խնդիր կար, վարչապետ Արայիկ Հարությունյանը խոստովանեց, բայց դա շատ կարճ տեւեց, եւ այն, ինչ կարողացավ անել պաշտպանության բանակը, հաղթանակ էր: «Պարզապես, ադրբեջանցիներն իրենց պարտությունը կարողացան ներկայացնել որպես հաղթանակ, մենք մեր հաղթանակը ընդդիմադիրների քննադատությունների պատճառով` պարտություն ենք համարում»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Դասեր իշխանությունները իհարկե քաղել են` հավաստիացրեց նա:
Դիրքերի կորստի եւ վերադարձի մասին: Իհարկե հարձակվողը միշտ շահավետ պայմաններում է լինում` ասում է Արցախի վարչապետը, բայց բանակը կարողացավ ընդամենը ժամերի ընթացքում հետ բերել Մարտակերտի ուղղությամբ կորցրած դիրքը, հակահարձակման անցնել եւ մինչեւ զիանդադարի հաստատումը կարողացավ Թալիշի ուղղությամբ հետ բերել դիրքերի կեսը:
Ոչ ստարտեգիական դիրք չկա: Բայց ընդհանուր խնդիր լուծելու համար այս պահին այդ դիրքերը հետ բերելը առաջնահերթ չէ: Խնդիրն այս պահին ստորադասվում է նոր կորուստներ տալու հավանականությանը:
Բանակցություններում Ռուսաստանի դերի մասին: Որպես միջնորդ նա կարողացավ լիարժեք կատարել իր պարտականությունը` կանխելով արյունալի պատերազմը՝ կարծում է ԼՂՀ վարչապետը։ Ինչ վերաբերում է կողմերին զենք վաճառելուն, ապա հարձակողական զենքի վաճառքը Ադրբեջանին Արայիկ Հարությունյանի համար անհասկանալի է:




