

Ղարաբաղում ապրիլյան ռազմական գործողություններից հետո տեղի ունեցած Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներին շուտով կավելանա եւս մեկը: Նախապատրաստվում է հանդիպում Փարիզում: Բանակցությունների վերսկսման մասին, սակայն, այս պահին խոսելը վաղ է: Այժմ ընդամենը համապատասխան վստահության դաշտ է ստեղծվում այդ բանակցությունների համար: Սակայն այս ջանքերը նույնպես դեռեւս հաջողությամբ չեն պսակվում, քանի որ վերջին երկու հանդիպումներից հետո Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր քաղաքականությանը, ժամեր անց հրաժարվել է ձեռք բերված պայմանավորվածություններից: Այս ամենի ֆոնին Հայաստանում տեղի է ունեցել ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ վերջում համապատասխան հայտարարությամբ, եւ երկու օրից տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որը նույնպես կանդրադառնա ղարաբաղյան հակամարտությանը: Այս պահին տեղի ունեցող գործընթացները փորձենք հասկանալ պատգամավորների մեկնաբանությունների օգնությամբ:
Փարիզը դառնալու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետապրիլյան արդեն երրորդ հանդիպման քաղաքը: Դատելով նախորդ երկու՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի արդյունքներից, այս մեկից էլ լուրջ ակնկալիքներ պետք չէ ունենալ, առավել եւս հստակեցվում է՝ սրանք բանակցություններ չեն: Ընդամենը՝ անհրաժեշտ մթնոլորտի ստեղծման փորձ է արվում բանակցությունները վերսկսելու համար:
«Եթե Սանկտ Պետերբուրգում հիմնականում խոսում էին ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի մոնիտորինգային կարողությունների ավելացման մասին, ապա կարծում եմ, Փարիզում դրան կավելանան նաեւ պայմանավորվածություններ հակամարտության շփման գոտում հետաքննությունների մեխանիզմին վերաբերող փաստաթղթի շուրջ»,- կարծում է ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ Ըստ նրա՝ իրական պատկերն այն է, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ վետո է դնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման համար անհրաժեշտ ֆինանսավորման վրա: Այս փաստի վրա որեւէ մեկը շեշտադրում չի անում ոչ հայկական կողմից, ոչ ԵԱՀԿ-ից, ոչ էլ ՀԱՊԿ-ից: Այս տեսանկյունից ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների՝ Հայաստանում ընդունված հայտարարությունը որեւէ առանցքային նշանակություն չունի ոչ Հայաստանի, ոչ էլ ղարաբաղյան հակամարտության համար՝ կարծում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Թեւան Պողոսյանը:
«Ադրբեջանն է, որ երեք անգամ վետո է դրել Կասրշիկի գրասենյակի ընդլայնմանը: Որտե՞ղ է այդ վետոն դրել՝ ԵԱՀԿ շրջանակներում, ՀԱՊԿ բոլոր անդամները ԵԱՀԿ անդամներ են: Փաստորեն իրենց դիվանագետները կամ դեսպաններն առնվազն Վիեննայում այդ նիստին մասնակցում են եւ տեսնում են, թե ինչ է կատարվում: Այդ մարդիկ եկել են այստեղ եւ գիտակցում են, չէ՞՝ որ կողմն է խանգարում։ Որեւէ բառ այս տեքստում մենք տեսա՞նք, որ իրենք կոչով դիմում են Ադրբեջանին չխանգարելու, պայմանավորվածությունները կատարելու: Չենք տեսել: Տեսե՞լ ենք որեւէ հայտարարություն գոնե ՄԽ նախագահող երկրներից, օրինակ՝ նույն Լավրով-Նալբանդյան զրույցից հետո այդպիսի հայտարարություն լիներ: Չենք տեսնում»։
Նմանատիպ անիմաստ տեքստ կլսենք նաեւ այս շաբաթվա վերջում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո՝ կանխատեսում է պատգամավորը: Միջազգային հանրությունից եւ նույնիսկ մեր սեփական արտգործնախարարությունից դժգոհելու փոխարեն ճիշտ ենթադրություններ է պետք անել: Որեւէ տեղ դաշնակից փնտրելու փոխարեն պետք է հույսներս դնենք մեր սեփական ուժերի վրա եւ որքան էլ զարմանալի է՝ հակամարտության լուծման բանալին ռազմական բաղադրիչի զարգացման մեջ չեն տեսնում ոչ Թեւան Պողոսյանը, ոչ էլ՝ Խոսրով Հարությունյանը:
«Այնպես չէ, որ ես պետք է միայն արտգործնախարարությունից դժգոհեմ: Ես բողոքում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը լավ չի ընթանում, մեր տնտեսությունը չի զարգանում, մեր ժողովրդավար ինստիտուտները չեն զարգանում, մեր ներքին ողնաշարն ու ներքին տնտեսությունն ու երկիրը չի հզորանում: Չի կարող ամեն ինչը վատը լինել եւ միայն արտգործնախարարությունը լավ լինել: Ընդհանուր խնդիրն է, դա պետք է լուծել եւ երկիրը արդիականացնել ոտքից գլուխ»,- ասում է Թեւան Պողոսյանը։
«Մեզ համար առաջնային է դառնում տնտեսությունը արագ ոտքի կանգնացնել եւ օր օրի վրա ուժեղանալ: Սա ամենալուրջ հրամայականն է, որ կանգնած է մեր առջեւ»,- նշում է Խոսրով Հարությունյանը:
Հակառակ լուծման քննարկվող տարբերակների մասին բոլոր խոսակցություններին եւ գաղտնազերծումներին՝ պատգամավորները հստակ ասում են՝ փուլային տարբերակը չի կարող լուծել խնդիրը:
Վերջում հիշեցնենք մեկ փաստ եւս: Բանակցային գործընթացին ավանդաբար խանգարել են պետություններում ընթացող համապետական ընտրությունները: Հայաստանն արդեն կանգնած է այդպիսի ընտրության շեմին եւ շուտով մտնում է նախընտրական փուլ: Արդյո՞ք որեւէ քաղաքական ուժ այդ փուլում պատրաստ կլինի գնալ նման լուծումների՝ ցույց կտա ժամանակը։




