

Արթիկի աղետից շուրջ տասը օր անց էլ հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները չեն ավարտվել: Սելավատարը դեռ մաքրվում է, ծանր տեխնիկան ու բեռնատարները շարունակում են աշխատել քաղաքում: Այսօր արդեն կավարտվեն մանկապարտեզի հարակից շենքի տարածքի մաքրման աշխատանքները: Աղետի հետեւանքները գուցե վերացվեն, սակայն նման իրավիճակի կրկնության վտանգը չի անցել ու չի անցնի այնքան ժամանակ, քանի դեռ 70 և ավելի տարիներ քաղաքի ձորակներում կուտակված թափոնները չմաքրվեն։ Թե ինչպես են լուծելու արթիկցիները այս խնդիրը, չգիտի անգամ համայնքի ղեկավարը՝ քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: Իսկ աղետը կանխել հնարավոր էր, նախնական հաշվարկներով, շուրջ 350 մլն դրամ օժանդակության դեպքում։ Այժմ գուցե ավելին անհրաժեշտ լինի: Կառավարությունը որոշեց աջակցել արթիկցիներին։ Նրանք,սակայն, փոխհատուցման ակնկալիք ունեն:
Բեռնատարներ, ծանր տեխնիկա, հեղեղի հետեւանքով քաղաքում հայտնված մեծածավալ տիղմ ու… կամավորներ: Արթիկիում տեղի ունեցած հեղեղից տասը օր անց էլ հետևանքները դեռ վերացված չեն: Թե որքան ժամանակ ու գումար կպահանջվի՝ Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը դեռ դժվարանում է ասել: Հեղեղատարի մաքրման աշխատանքները շարունակվում են, փոխվում են մանկապարտեզի ու դպրոցի խցանված կոյուղագծերը: Թե ինչու նման իրավիճակ ստեղծվեց՝ քաղաքի ղեկավարը գիտի, չգիտի սակայն, թե ով է ստեղծված իրավիճակի պատասխանատուն: «Թափոնները ձորակներ են լցվել՝ սկսած հանքերը հայտնաբերելուց՝ 1930-ական թվականներից: Վերջին 20 տարիներին ձորակի հարակից որևէ քարհանք չի շահագործվել: Հիմա եկեք հասկանանք, թե ով էր պատասխանտու, որ Խորհրդային Միության տարիներին տասնյակ տարիներով այդ թափոնները ձորակն էին լցվում»:
Վտանգի մասին դեռ 2013 թ է բարձրաձայնվել, նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերն են անգամ պատրաստվել, նախնական ֆինանսական գնահատում նույնպես կատարվել է՝ մոտ 350 մլն դրամ կպահանջվեր՝ նման իրավիճակում չհայտնվելու համար: Սակայն գումարներ չեն գտնվել։ Քաղաքապետը չի բացառում, որ այժմ արդեն ավելի մեծ ֆինանսներ են անհրաժեշտ: Նման իրավիճակ ամեն վայրկյան կարող է կրկնվել՝ ասում է քաղաքապետը:
Հեղեղից տասն օր անց էլ համապատասխան կառույցների հասցեին հնչող քննադատությունները չեն դադարում: Դրանց հետ համամիտ չէ տարածքային կառավարման ու զարգացման նախարարության վարչական վերահսկողության և համայնքների ծառայությունների հարցերի վարչության պետ Արթուր Սողոմոնյանը: Նա պնդում է՝ աշխատանքները ժամանակին են սկսվել
Արթիկցիների մի մասի ասում է՝ կորցրել է գույքը, ապրուստը, ոմանք էլ՝ տան ոսկեղենը։ Քաղաքապետը նմանատիպ հայտարարությունները ֆանտաստիկ է համարում, արթիկցիներն էլ կառավարության աջակցությանն են սպասում: Միայն թե պաշտոնական ու ոչ պաշտոնական հաշվարկներն այս անգամ էլ իրար չեն համապատասխանում:
Կարախանյանն ու մյուս արթիկցիները չեն հասկանում, թե ինչպես են հաշվարկներ կատարվել, հանձնաժողովն ինչպես է աշխատել:Նրանց քաղաքապետն է հակադարձում. աշխատանքի ողջ ընթացքն անգամ լուսա ու տեսանկարահանել են։ Բացի այդ, սա փոխհատուցում չէ՝ մեկ անգամ ևս հստակեցնում է Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը։ «Կառավարության որոշման մեջ խոսքը ոչ թե վնասի փոխհատուցման, այլ՝ աջակցության մասին է: Խոսքն աղետից տուժած տվյալ դեպքում 12 բնակարանների բնակիչներին աջակցելություն հատկացնելու մասին է: Որոշում է կայացվել, որ աջակցություն կստանան այն անձինք, ովքեր ունեն վնասված բնակարաններ, վնասված ցանքատարածություններ,գյուղատնտեսական կենդանիներ։ Հատկացված միջոցները բավարար են, որ տները բերվեն մինչ աղետն ունեցած վիճակին»,- ասում է Աբրահամյանը:
Ի դեպ, որևէ արթիկցի այս ընթացքում համայնքի ղեկավարին կառավարության աջակցությունից շնորհակալություն չի հայտնել, նրան հանդիպած բոլոր արթիկցները միայն դժգոհել են:




