Հասարակություն

ՀՀ Սահմանադրությունը 21 տարեկան է

Այսօր  ՀՀ Սահմանադրության ընդունման օրն է: Սահմանադրությունն ընդունվեց 21 տարի առաջ՝ 1995թ. հուլիսի 5-ին: 1995 թվականի այդ օրը երկրի Հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր:

ՀՀ Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանը և հիմնը։ Դեռևս 1990թ. օգոստոսի 24-ին հանրապետության պետական դրոշ ճանաչվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, որը Առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց ՀՀ զինանշանը, որի կենտրոնում վահանը պահող արծիվն ու առյուծն են. պատկերված է Արարատ լեռը՝ Նոյան տապանով։

Որպես օրհներգ ընդունվեց Առաջին հանրապետության պետական հիմնը՝ «Մեր Հայրենիք» հայրենասիրական երգը։ Ըստ ՀՀ Սահմանադրության առաջին և երկրորդ հոդվածների Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է,իսկ ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ըստ ՀՀ Սահմանադրության 117 հոդվածի`հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության օր եւ հայտարարված է ոչ աշխատանքային:

Back to top button