ԿարևորՔաղաքական

Հայաստանում ԵՄ դեսպան. ԼՂ հակամարտության կարգավորման համար եկել է «լուռ դիվանագիտության» շրջանը

lenabadeyan

ԵՄ-ն ընդունել է նոր համաշխարհային ռազմավարություն, որը ներկայացվել է անցյալ շաբաթ: «Այն փաստաթուղթ է, որը հարազատ է Եվրամիության պատկերացումներին»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Այս փաստաթուղթն այսօր առիթ էր հանդիպելու լրագրողների հետ, նաեւ զրուցելու այլ կարեւոր թեմաների՝ այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ նոր ԸՕ մասին։

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում եկել է «լուռ դիվանագիտության» շրջանը, որը երբեմն պահանջում է  նույնիսկ «գաղտնի մոտեցումներ»՝ ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Հավատարիմ լինելով իր իսկ խորհրդին՝ դեսպանն այսօր չցանկացավ մեկնաբանել կողմերի միջեւ հանդիպումներում  Ադրբեջանի կեցվածքը, երբ Վիեննայից եւ Սանկտ Պետերբուրգից հետո՝ արդեն Բաքվում Ալիեւը հայտարարում էր, որ սահմանում հետաքննող մեխանիզմների ստեղծման անհրաժեշտություն չի տեսնում:

«Սա դիվանագիտության ժամանակն է: Սա բարձր խոսելու դիվանագիտության ժամանակը չէ, սա հրապարակային դիվանագիտության ժամանակը չէ եւ ուրեմն հակված չէի լինի ձեր նշած հրապարակային ելույթներից որեւէ մեկը մեկնաբանել: Եկեք թողնենք, որ դիվանագիտությունն աշխատի: Ես ենթադրում եմ, որ հիմա ժամանակը չէ ուժեղ, հրապարակային դիվանագիտության ծավալման համար: Այնուհանդերձ՝ կարծում եմ, որ Վիյեննայի գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները հարկ է ի կատար ածել, քանի որ այսօր դրանք են դեպի լավը փոփոխության հնարավոր ուղին ուրվագծում»։

Վիեննայի գագաթաժողովը զգալի նշանակություն ունեցավ հակամարտության կարգավորման գործընթացում՝ փորձ  է արվել գտնել ազնիվ ու բազմակողմանի լուծում՝ կարծում է դեսպանը։ Նա վերջին ամիսներին նոր դրական շարժ է նկատել հակամարտության կարգավորման գործընթացում: Դրական ազդեցություն է ունեցել նաեւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը, բայց ԵՄ դեսպանը հստակեցնում է՝ միջնորդի գլխավոր դերը Մինսկի խմբի համանախագահներինն է: Այս փուլում ԵՄ-ը պատրաստ է դառնալ օժանդակող եւ խաղաղության ջանքերին սատարող գործընկեր՝ հայտարարում է դեսպան Սվիտալսկին:

Նա տեղեկացրեց, որ շուտով՝ հենց վաղը, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը գալու է Հայաստան՝ հանդիպելու նախագահ Սարգսյանի, արտգործնախարար Նալբանդյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ըստ դեսպանի՝ սա ապացուցում է, որ ԵՄ նպատակ ունի հանդես գալ որպես ԼՂ կարգավորման գործընթացի աջակից:

Ի դեպ՝ կառույցի ակտիվությունը հակամարտության կարգավորման հանդեպ գալիս է նաեւ ԵՄ նոր ռազմավարությունից, քանի որ գերական 5 ուղղություններից մեկն էլ անվտանգությունն է: Ինչո՞ւ նոր ռազմավարություն: Դեսպան Սվիտալսկին բացատրում է. «Աշխարհը փոխվել է, կան նոր սպառնալիքներ եւ մարտահրավերներ, որոնք ազդում են եվրոպացիների եւ աշխարհի մտածողության վրա»: Ավելի պարզ՝ այս ռազմավարությամբ ԵՄ մեսիջն այն է, որ կառույցը ցանկություն ունի ընդգծել խաղաղության հասնելու իր պատրաստակամությունը: ԵՄ մեսիջ ունի նաեւ Հայաստանի համար: Այն Հայաստանի թիվ մեկ գործընկերն է  արտաքին առեւտրում, թիվ մեկ ներդրողը, զարգացման ծրագրերի հիմնական աջակիցը:

Պյոտր Սվիտալսկին չի հաստատում լուրերը, թե ԵՄ-ը մտադիր է կրճատել Հայաստանին հատկացվող ֆինանսական աջակցությունը: Բայց զգուշացնում է՝ ամեն ինչը կախված է նախորդ աշխատանքների արդյունավետությունից: «Մենք ուզում ենք, որ այդ աջակցությունն ավելի արգասաբեր լինի, քան նախկինում էր: Հնարավորություններ եմ տեսնում մեր աջակցությունն էլ ավելի ընդլայնելու համար: Սակայն այս գործընթացը մեծ չափով կախված է, թե որքան արագ կլինի Հայաստանի առաջընթացը եվրոպական ստանդարտների, եվրոպական արժեքների ուղղությամբ»։

Դեսպանը լավատես է, խորհուրդ է տալիս մի քիչ էլ համբերել: Անձամբ է մասնակցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդի նիստերից մեկին, դուրս է եկել տպավորված՝ համոզմունքով , որ դա լավագույն քննարկումն էր: «Եկեք սպասենք»,- հորդորեց նա հայ հասարակությանը։ Իսկ նոր ԸՕ-ի կիրառման գործում սպասելու եւ հապաղելու իրավունք չունենք:

«Հաջորդ համապետական ընտրությունը առանցքային նշանակություն ունի այս երկրի ապագայի համար: Համաձայնության կատարումը, սակայն, պայմանական է։ Հուսով եմ, որ խնդրի ֆինանսական կողմը կլուծվի: ԵՄ- ն պատրաստ է  զգալի օժանդակություն առաջարկել այդ համաձայնության իրագործման համար, եւ կարծում եմ՝ մի շարք պետություններ կան, որոնք նույնպես պատրաստ են ֆինանսապես օժանդակել այդ համաձայնության ի կատար ածմանը»:

Պյոտր Սվիտալսկին առաջինն էր, որ շնորհավորեց եւ ընդդիմադիրներին, եւ իշխանությանը՝  ԸՕ-ի շուրջ համաձայնության գալու համար: Ասում է՝ լավատեղյակ է սուր տարաձայնությունների մասին եւ նշում, որ «դրսում» հայաստանյան քաղաքական ուժերի համաձայնությունը ԸՕ-ի շուրջ համարվում է պատմական:
 

Back to top button