ՄշակույթՏեսանյութեր

ԹՈՒՄՈ-ի «ԹմբաԹա»-ն կմասնակցի ամերիկյան «Ֆոլքլայֆ» փառատոնին

alisagevorgyan
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  և Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում Հայաստանում գործող «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ առաջիկայում Վաշինգտոն կմեկնեն  Երևանի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «ԹմբաԹա» երիտասարդական ժողովրդական ռոք խմբի անդամները՝ մասնակցելու  Վաշինգտոնում ամեն տարի անցկացվող «Ֆոլքլայֆ», այսինքն՝  ազգային կյանք փառատոնին:  Թումոյականները փառատոնում  հանդես կգան  Լոս Անջելեսում հիմադրված «Հայկական հանրային ռադիո» խմբի հետ: Միացյալ Նահանգներ ուղևորությունից առաջ թումոյականներն այսօր  «Ռադիոլուրի» հյուրասրահում էին:

 

 

tumbataՀայկական ժողովրդական երաժշտության  հիման վրա ինքնատիպ մշակումներ ՝ ռոքի և փորձարարական  երաժշտության համադրմամբ. այն ինչ մատուցում է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «ԹմբաԹա» երիտասարդական ժողովրդական ռոք խումբը: Խումբը ստեղծվեց  չորս տարի առաջ «Բամբիռ» ռոք խմբի երաժիշտ  Արիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ:

Ստեղծվեց ու կոչվեց «Թմբաթա» , թմբաթա, որովհետև՝

խմբի անդամ Քրիստինե Եղիազարյան. «Անվանվեց թմբաթա, որովհետև բոլոր ձայներն ու ռիթմիկ պատկերները թմբաթա բառերով էին, այսինքն՝ թմբաթա, թմբա թմբա թմբա թա: Խմբի կազմում 25-30 ուսանողներ են՝ 12-22 տարեկան: Մենք ներկայացնում ենք հայկական ավանգարդ-ֆոլկ երաժշտություն: Ստեղծում ենք նաև մեր երգերը: Թմբաթան առանձնանում է իր էներգիայով»:

tmbataԹմբաթայի էներգիան ամերիկյան բեմում կմիավորվի Լոս Անջելեսում հիմադրված մեկ այլ հայկական խմբի էներգիայի հետ: Խումբ, որն ունի ոչ պակաս հետաքրքրիր անվանում՝ «Հայկական հանրային ռադիո»: ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանի փոխանցմամբ՝

«Խումբը կմեկնի հուլիսի 4-ին, ելույթ կունենա 6-ին, 7-ին, 8-ին և 9-ին: Որևէ կասկած չունենք, որ «Թմբաթան» շատ լավ կներկայացնի հայկական մշակույթը»:

Առանց երաժշտական գործիքների, պարզապես ստուդիայի սեղանի վրա ձեռքի հարվածներով, այսպես ասած էքսպրոմտ կատարմամբ «Թմբլաթայի» պատանի երաժիշտներ Ժիրայր Տեր Օսիպյանն ու վոկալիստ Քրիստինե Եղիազարյանը մեր զրույցի վերջում փորձեցին մոտավորապես ներկայացնել այն, ինչով լցնելու են վաշինգտոնյան բեմը փառատոնի օրերին:  Հայկական խելահեղ հնչյուններ, երիտասարդական  խելահեղ էներգետիկա, գումարած շնորհք, աշխատասիրություն, շատ սեր ու անչափ խելառություն: Համադրությունից ինչ կստացվի, թող դատի վաշինգտոնյան հանդիսատեսը:

Back to top button