

Սիրիահայ Ալբերտ Թաշչյանի ընտանիքն ապրում է Արմավիրի մարզկենտրոնում՝ կնոջ տանը: Մարզում ապրող մյուս սիրիահայերի համեմատությամբ նա բնակարանի վարձ չի տալիս, ունի մշտական աշխատանք, սակայն Հայաստան մնալու կամ Սիրիա վերադառնալու հարցը դեռ անորոշ է իր համար: Ապրելու դժվարությունները հաղթահարում է, սակայն մտահոգված է երեխայի ապագայով:
Մարինե Թաշչյանը 4.5 տարեկան է, հայրը սիրիահայ է, մայրը՝ հայաստանից: Արդեն 3.5 տարի ապրում են Արմավիր քաղաքում: Մերձավոր Արևելքում ծավալվող պատերազմական գործողությունները ստիպեցին նրա ընտանիքին լքել բնակավայրն ու տեղափոխվել Հայաստան: Հայրը՝ Ալբերտ Թաշչյանը դեռ 2008 թվականին ցանկացել էր մշտական բնակություն հաստատել Հայաստանում, գործ հիմնել ու աշխատել:
Այդ ժամանակ եթե աշխատանք գտնելու և մշտապես Հայաստանում ապրելու գործը չհաջողվեց, ապա անձնական կյանքի կարևորագույն խնդիրը լուծվեց: Նա ամուսնացել է ՀՀ քաղաքացուհու հետ, ստացել երկքաղաքացիություն, իսկ երկու տարի անց նորից վերադարձել Սիրիա: Սակայն Սիրիայում քաղաքական իրադարձությունների շրջուն փոփոխության, պատերազմական գործողությունների ծավալման պատճառով ճակատագիրը նրան նորից բերեց Հայաստան։
Ալբերտ Թաշչյանի ընտանիքն ապրել է Սիրիայի Հալապ քաղաքի Նորգյուղ թաղամասում: Պատերազմական գործողությունների սկզբից իրենք տեղափոխվել են Հայաստան: Մյուս սիրիահայերի համեմատությամբ ունի մշտական աշխատանք: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ է, աշխատում է մասնավոր ընկերությունում, բացի այդ՝ զբաղվում է լուսանկարների համակարգչային ձևավորմամբ: Հնարավորության սահմաններում կարողանում է ապահովել ընտանիքի ապրուստը։
Հայաստանում ապրելու կամ նորից Սիրիա վերադառնալու հարցը Ալբերտի ընտանիքի համար դեռ անորոշ է:




