ՎերլուծականՔաղաքական

Կա՞ արդյոք տարաձայնություն ԵԱՀԿ Մինսկի խմբում

lenabadeyan

Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայաստանյան այցն անկասկած որոշակի նշանակություն կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար: Թեեւ Գերմանիան ՄԽ-ում համանախագահող չէ, բայց կառույցի անդամ է: Մյուս կողմից արդեն հայտնի է, որ Սանկտ Պետերբուրգից հետո Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու ցանկություն առաջացել է նաեւ ֆրանսիական կողմի մոտ: Արդյո՞ք սա նշանակում է, որ հենց ՄԽ-ում Արեւմուտքը փորձում է դիրքերը փոխել եւ հավասարակշռություն հաստատել ռուսական նախաձեռնող քաղաքականությանն ի պատասխան: Վերլուծական շրջանակներում կարծիք կա, որ հենց ՄԽ-ում կան որոշակի տարաձայնություններ։

 

ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կա տարաձայնություն՝ կարծում է Միջազգային եւ անվտանգության հարցերի միջազգային ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ համոզված լինելով, որ քաղաքական վտանգավոր ռիսկերը դեռ պահպանվում են: Ղարաբաղի հարցի շուրջ եռակողմ հանդիպումների ժամանակ այս պահին իրենց խնդիրներն ավելի շատ լուծում են միջնորդները, քան՝ հակամարտող կողմերը եւ դա ունի իր բացատրությունը:

Ստյոպա Սաֆարյանը դեռեւս Սանկտ Պետերբուրգից առաջ նկատել էր լարվածություն մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի միջեւ:

Այս կտրվածքով արեւմտյան համանախագահներին կարեւոր է, որ գործընթացը դուրս չգա ՄԽ շրջանակներից եւ փորձում են դա պահել: Պակաս կարեւոր չէ այն, որ եռակողմ հանդիպումներ կազմակերպելու նախաձեռնությունն այլեւս չեն թողնում միմիայն ռուսական կողմին: Արդեն հայտնի է, որ Սանկտ Պետերբուրգից հետո Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու ցանկություն առաջացել է նաեւ ֆրանսիական կողմի մոտ: «ՄԽ-ի համանախագահների շարքերում տարաձայնություն  եղել է, բայց ոչ այս պահին»,- կարծում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Տարաձայնություն չէ, բայց այսպես ասած «առանձին խաղի» փորձեր Ռուսաստանի կողմից եղել են: Պատգամավոր Խոսրով Հարությունյանը այս «առանձին խաղը» որակում է «անճշտություն»՝ նշելով, որ հավանաբար դիվանագիտական խողովակներով դա ճշտվեց եւ հստակեցվեց:  «Նախաձեռնության իրացման սկզբում միգուցե Ռուսաստանը կարծում էր, որ ինքնուրույն կարող է սկսել ինչ- որ մի քաղաքական պրոցես՝ փորձելով առանձնահատուկ դերակատարում ստանձնել նույն ՄԽ շրջանակներում: Հետագայում, հավանաբար, դիվանագիտական խողովակներով այս անհարթությունը ճշտվեց: Մտավախություն, որ սա կարող է դառնալ ինքնուրույն քաղաքական զարգացում կամ ինքնուրույն քաղաքական պրոցես, այս պահի դրությամբ չբացառեմ, բայց համոզված եմ՝ չի լինի»,- ասում է:

Աշխատելու այս ակնարկի հիմքում նախ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցում, այսպես ասած, խոսքից գործի անցնելու  անհրաժեշտությունն է: Հայկական կողմի համար կարեւոր է, որ պարզապես թղթի վրա չմնան եւ ի վերջո գործեն շփման գծում մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմները։

Back to top button