
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Այսօր Արցախում նշվում է նահատակված եւ անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրը: Այդ կապակցությամբ հիշատակի արարողություն է տեղի ունեցել Ստեփանակերտի հուշահամալիրում: Անհետ կորած զինծառայողների խաչքարի մոտ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են տեղադրվել: Հուշահամալիր են այցելել նաեւ ԼՂՀ նախագահը, խորհրդարանի նախագահն ու վարչապետը, պաշտոնատար այլ անձիք:
Ըստ Կարմիր խաչի տվյալների՝ ղարաբաղյան հակամարտության գոտում 1990- ականների պատերազմի ժամանակ շուրջ 4.5 հազար մարդ է անհետ կորել: Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում անհետ կորածների թիվը, ըստ այդ տվյալների, մոտ 800 մարդ է: Չնայած խնդիրը միշտ շոշափվում է հակամարտության կարգավորման վերաբերյալ տարվող քննարկումների ժամանակ եւ իր տեղը գտնում միջնորդների եւ նախագահների հայտարարություններում, իրենք՝ անհետ կորածների հարազատները, կատարվող քայլերից գոհ չեն:
Այսօր էլ Անհայտ կորած ազատամարտիկների հարզատների միության նախագահ Վերա Գրիոգրյանը խոսելով դրա մասին, գոհունակություն հայտնեց, որ գոնե վերջին իրադարձություններից հետո ադրբեջանական կողմում մեր զինվորներից որեւէ մեկի մարմինը չմնաց:
Արցախի համապատասխան կառույցները ադրբեջանական կողմի հետ անհետ կորածների հարցով անմիջական շփումներ չունեն: Դրանք միջնորդավորված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով: Եթե նոր դեպքերն անմիջապես հրապարակվում եւ համապատասխան ընթացակարգ են ստանում, ապա իննսունականների անհետ կորածների հարցով տեղաշարժը շատ փոքր է:
Անցած տարի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սկսել է անհետ կորած հարազատների ԴՆԹ-ի նմուշառումը: Իրենք՝ անհետ կորածների հարազատները հույսները չեն կորցնում: Այսօր Ստեփանակերտի հուշահամալրում նրանց զորակցություն էին բերել Արցախի ղեկավարները: Արցախի հոգեւոր փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանը հոգեհանգստի պաշտոն մատուցեց։




