ԿարևորՔաղաքական

Մենք հաստատակամ ենք Հայաստանում լայնա¬ծավալ բարեփոխումները շարունակելու հարցում՝ վարչապետն ասել է ԵՄ դեսպաններին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ:

Վարչապետը նշել է, որ Եվրոպական միության հետ համագոր­ծակցության զարգացումն ու խթանումը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկը և կարևորել է ԵՄ-ի ու նրա անդամ երկրների դերն ու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության կայացման ու ամրապնդման գործում: Նշելով, որ անցյալ տարվա դեկտեմբերին Բրյուսելում տրվել է Հայաստան-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցու­թյունների մեկնարկը, իսկ մայիսի 12-ին Երևանում կայացել է բանակցությունների երրորդ փուլը, մի քանի օր առաջ Բրյուսելում անցել է հերթական չորրորդ հանդիպումը վարչապետ Աբրահամյանն ընդգծել է. «Ակնկալում ենք, որ երկու կողմերին կհաջողվի տեսանելի ապագայում հաջող ավարտին հասցնել այդ կարևոր գործընթացը: Մենք հաստատակամ ենք Հայաստանում լայնա­ծավալ բարեփոխումները շարունակելու հարցում: Ինչպես բազմիցս նշել եմ` ԵՄ-ի հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսության, արդարադատության, պետական կառավարման ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտների ամրապնդմանը»: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանը կարևորում է վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագի իրականացումը և հույս հայտնել որ այն կհանգեցնի Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին՝ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ կառավարությունը շարունակաբար հետևողական քայլեր է ձեռնարկում այդ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստին, որին ներկա է եղել նաև Պյոտր Սվիտալսկին, Հովիկ Աբրահամյանը  նշել է, որ դրա ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր՝ սկսած կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների ձևավորման հարցից և դրա վերաբերյալ միջազգային փորձից՝ մինչև բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտում առկա բացթողումները, օտարումների, տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվող աճուրդների գործընթացները և այլն: Վարչապետն ընդգծել է, որ քննարկված հարցերի և առաջարկված լուծումների վերաբերյալ իրավասու մարմինների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր և դեսպանների անունից շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության հետ արդյունավետ փոխգործակցությունը: ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ չնայած առկա մարտահրավերներին՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները գտնվում են դրական ընթացքի մեջ և ընդգծել, որ տպավորված է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ուղղությամբ տարվող բանակցությունների արդյունքներով և վստահություն հայտնել, որ փաստաթղթի ստորագրումը նոր լիցք կհաղորդի ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը: Պարոն Սվիտալսկին կարևորել է մեր երկրի և եվրոպական պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը, նորանոր ներդրումների ներգրավումը: Այդ տեսանկյունից, նա բարձր է գնահատել գործարար միջավայրի բարելավման, մենաշնորհների դեմ պայքարի, դատական իշխանության անկախության ամրապնդման ուղղությամբ կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել իր օժանդակությունն այս ուղղությամբ: Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ դեսպանն ընդգծել է, որ արդեն իսկ ԵՄ դեսպաններին է ներկայացրել վարչապետ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդի նիստից իր դրական տպավորությունները և ավելացրել, որ քաջալերող ու հուսադրող է համարում կառավարության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի համագործակցությունը խորհրդի շրջանակում:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ միջև ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ համաձայնագրի բանակցություններին, ՀՀ-ում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու տնտեսական մրցակցության զարգացմանը և այլ հարցերի:

Վարչապետը նշել  է, որ տնտեսական աճի կայուն հիմքերի երաշխավորմանն ուղղված բարեփոխումների տեսանկյունից առանցքային նշանակություն ունի տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացումը: Ըստ նրա՝ նման բարեփոխումների շարքում է Հարկային նոր օրենսգրքի ընդունումը, որը պետք է բարելավի հարկային վարչարարությունը, եկամուտների ավելացումը՝ բիզնեսի համար ապահովելով կայունություն ու կանխատեսելիություն: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ տնտեսության զարգացման համար օրակարգային է նաև ՀՀ-ում մրցակցային պայմանների բարելավման և ակտիվ հակամենաշնորհային քաղաքականության իրականացման հիմնահարցը, որի ապահովումն առաջիկա տարիներին կարող է առանցքային նշանակություն ունենալ մեր երկրի զարգացման տեսանկյունից: Վարչապետը կարևորել է նաև պետական գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և գնումների առավել թափանցիկության ապահովումը՝ ավելացնելով, որ այդ նպատակով աշխատանքներ են տարվում գործընթացի տարբեր փուլերում թափանցիկության հետագա բարելավման ուղղությամբ: Անդրադառնալով ԵԱՏՄ-ԵՄ հարաբերություններին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, շահագրգռված է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության հաստատմամբ և պատրաստ է ամեն կերպ նպաստել այդ երկխոսության ձևավորմանը: Խոսելով ընտրական գործընթացի մասին՝ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ կայացել է քաղաքական կոնսենսուս: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները հաստատակամ են ընտրությունների գործընթացի լավագույնս կազմակերպման և անցկացման գործում և ակնկալում են ԵՄ-ի աջակցությունը 2017թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեխնոլոգիական լուծումների կիրառման հարցում, որոնք կնպաստեն ինչպես գործընթացի համապատասխան կազմակերպմանը, այդպես էլ դրա նկատմամբ վստահության ամրապնդմանը:

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Back to top button