Պետք է լինի պետական մենաշնորհ. Քաղավիացիայի նախկին պետը՝ ոլորտի ապագայի մասին
Ինչո՞ւ են հարեւան երկրների համեմատությամբ ավիատոմսերը Հայաստանում թանկ, իսկ ուղեւորափոխադրումների ծավալները մի քանի անգամ պակաս: Խնդրին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադարձել են ՀՀ քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պոտրոսյանը եւ Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Ավիատոմսերի թանկացումը բացատրվում է սեզոնային պահանջարկի մեծացմամբ, սակայն Քաղավիացիայի նախկին պետը կարծում է, որ տնտեսագիտության տրամաբանությամբ, պահանջարկի դեպքում չվերթների քանակը պետք է ավելացնել, այլ ոչ թե տոմսերը թանկացնել:
Ավիատոմսերի զգալի թանկացումները, Քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանի գնահատմամբ, բազմաթիվ պատճառներ ունի: Հարցը միայն սեզոնայնությունը չէ: Նրա համոզմամբ, Հայաստանի ավիաշուկան այնքան ժամանակ խելքի չի գա, մինչեւ որ Ռուսաստանին տրված մենաշնորհային դիրքը չվերանա: «7-8 ռուսական ընկերություն է թռչում Երեւան: Գալիս են հանցավոր համաձայնության եւ բոլորը միաժամանակ բարձրացնում են գները, մանավանդ՝ այս ամառային սեզոնին: Գների ձեւավորման խնդիրն էլ կա՝ վառելիքի թանկություն, օդանավակայանի սպասարկման թանկություն, բայց դա այնքան մեծ նշանակություն չունի այն գներում, որ այսօր գոյություն ունեն»:
Օդային ամբողջ շուկան տրված է Ռուսաստանին, ավիաընկերություններին մատուցվող ծառայությունները` սկսած սնունդից, թանկ են մրցակցության բացակայության պատճառով՝ շեշտեց Շահեն Պետրոսյանը՝ վստահեցնելով, որ իր ժամանակ այդ ծառայությունները մրցակցային էին:
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը հիշեց «Բաց երկնքի» քաղաքականությունը: Նա կարեւորեց դա: Շահեն Պետրոսյանի գնահատմամբ, սակայն, բաց երկնքի քաղաքականություն Հայաստանում չկա: «Բաց երկնքի» քաղաքականությունը միակողմանի չի լինում»,- ասում է։
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքերով՝ մեր երկրում չկա տնտեսական քաղաքականություն, կա կարկատանային քաղաքականություն։ «Չկա այն տրամաբանական գիծը, որտեղ երեւա, թե ինչպես պետք է զարգանա այս կամ այն ճյուղը: Կան թվեր, բայց չկան հիմնավորումներ: Կարկատանային քաղաքականությունը ես տեսնում եմ ամեն քայլափոխի, տվյալ դեպքում եւ՝ օդային տրանսպորտում»:
Արմեն Պողոսյանը նույնպես կարծում է, որ մրցակցություն չկա անգամ՝ ծառայություններ՝ օրինակ սնունդ մատուցելու հարցում: Եթե լինեն մշակված, համակողմանի ու համալիր մշակված որոշումներ, այս պատկերը չի լինի՝ համոզված է սպառողների իրավունքների պաշտպանը:
Բանախոսները համակարծիք էին, որ Հայաստանին անհրաժեշտ է ունենալ ազգային փոխադրող: Շահեն Պետրոսյանի համոզմամբ էլ՝ Հայաստանի նման երկրում ոլորտը պետք է լինի պետական մենաշնորհ, իսկ ազգային փոխադրող ունենալու հարցում ներդրում կատարի պետությունը, այսինքն՝ ստեղծվի պետականորեն: «Արմենիա» ավիաընկերությունը, Շահեն Պետրոսյանի գնահատմամբ, հայկական չէ: Քաղավիացիայի նախկին պետն ասաց, որ ինքն այս հարցով առաջարկություններ ներկայացրել է, բայց արձագանք չկա: