Հասարակություն

Այսօր Մարտակերտի ազատագրման օրն է

arminegevorgyan

Հունիսի 27-ը մարտակերտցիների համար խորհրդանշական  օր  է: 1993-ի հունիսի 27- ի լույս 28- ի գիշերը  ՊԲ ստորաբաժանումների համաձայնեցված գործողությունների շնորհիվ մեկ տարվա գերությունից հետո  ազատագրվեց Մարտակերտ քաղաքը: Ապրիլյան պատերազմի օրերին  չնայած պարբերաբար  հրետակոծմանը ու հնչող կրակոցներին, այն շարունակեց   ապրել իր բնականոն կյանքով՝ պատերազմին պարտադրելով փխրուն խաղաղություն: 

 

Սահմանային Մարտակերտում մարդիկ 23 տարի անց էլ  ապրում են պատերազմին դեմ հանդիման, քանի որ  այստեղից է սկսվում և ավարտվում հայրենիքը, այստեղ են ծնվում հերոսները, այստեղ են անմահանում… Ապրիլյան պատերազմի օրերին  Մարտակերտը դարձյալ հայտնվեց ուշադրության կենտրոնում: Արդեն մեկ անգամ ազատագրված քաղաքի բնակիչները կրկին զգացին պատերազմի հոտը: Սկսեցին զուգահեռներ անցկացնել 90 –ականների  ու այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների միջև: Ընդհանրություններ շատ կային, բայց դա նրանց չընկճեց ու նրանք առավել քան հաստատակամ ասում են իրենց խոսքը ի լուր աշխարհի՝ Մարտակերտը պետք է  անառիկ պահել թշնամու հարձակումներից:

Ապրիլյան օրերին ռմբակոծվող Մարտակերտում թշնամու արկերի ձայները նրանց այլևս չէր վախեցնում։ Այդ իրավիճակում անգամ չէին կորցնում հումորի զգացումը,.ասում էին՝ ցերեկը Մարտակերտում 2016 թ,  իսկ գիշերը՝ 1993թ:  «Ռադիլուրի» հետ զրույցում հիշողությունների  կծիկն է քանդում Մարտակերտի վարչական շրջանի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, ով ծնունդով Չայլուից է։ Գյուղ, որն այսօր գտնվում է Ադրբեջանի տիրապետություն տակ:

Շատերն են  այսօր հիշում 1992-ի հուլիսի 4-ը, երբ   հակառակորդը գրավեց Մարտակերտը, իսկ 1993-ի հունիսի 27- ի լույս 28 –ի գիշերը։ Մեկ տարվա գերությունից այն  ազատագրվեց: Մարտակերտի ազատագրման գործողությունների ծրագրի մշակումն ու դրանց նախապատրաստումը սկսվել էր դեռևս  Քարվաճառի հաղթանակից հետո:  Իսկ  հունիսի 27-ը հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտական գործողությունների ամենավճռորոշ օրն էր, քանի  որ  ՊԲ ստորաբաժանումների համաձայնեցված գործողությունների շնորհիվ այդ օրն ազատագրվեց Մարտակերտ քաղաքը: Ղարաբաղյան ուժերն անցան գերիշխող բարձունքների և հիմնական ճանապարհային ուղղությունների պաշտպանությանը:

Հյուսիսային շրջանում մեր զորքերի մարտական գործողությունների հաղթական ելքը շրջադարձային ազդեցություն ունեցավ մարտական գործողությունների հետագա ընթացքի վրա և մեզ հաջողվեց ոչ միայն ազատագրել Մարտակերտի տարածքի մեծ մասը` մոտ 6 հայկական գյուղ, այլեւ  ճնշել հակառակորդի ռազմական խոշոր հենակետերը Աղդամում և հանրապետության հարավ-արևելյան շփման գոտում; Մարտակերտցի 48-ամյա Ռուզաննա Այվազյանը ամուսնու հետ միասին մասնակցել է  90 –ականների  պատերազմին: Իր աչքի առաջ է ազատագրվել սիրելի քաղաքը ու նա շատ լավ գիտի ազատության գինը: Հիմա դիրքերում է նրանց որդին:

Հունիսի 27-ը մարտակերտցիների համար խորհրդանշական  օր  է:   Նրանք արդեն 23 տարի ապրում են ` խաղաղություն թելադրելով,  վերանորոգում են ավերված տները, մշակում այգիները ու շենացնում բնակավայրը:

 

 

Back to top button