
տեղադրվել է ժամը 13։52- ին
լրացվել է ժամը 19։23- ին

Խորհրդարանն այսօր արտահերթ նստաշրջան է գումարել, որն ի դեպ երկրորդն է գարնանային նստաշրջանի ավարտից հետո: Նախաձեռնությունը կրկին գործադիրինն է: Թեև արտահերթի հրավիրման հիմնական պատճառը 1 ամիս առաջ ընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելն է, բայց օրակարգում 21 հարց է: Այդ թվում՝ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին վիճահարույց համաձայնագիրը:
Ընդամենը մեկ ամիս առաջ ընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը կառավարությունը խորհրդարան է ներկայացրել աննախադեպ նախապայմանով . նախագծում ամրագրել է ՝ եթե փոփոխություններն իրականացնելու համար պահանջվող ֆինանսավորումը չապահովվի, օրենքը չեղյալ կհամարվի: Ըստ նախնական գնահատականների՝ անհրաժեշտ է 16 մլն եվրո, 3 մլն-ը կառավարությունը խոստանում է ինքն ապահովել, մնում է 13 մլն-ը: Գործադիրը օրենքը բերել է Ազգային ժողով, բայց դեռ չգիտի՝ միջազգային դոնորներից կստանա՞ պահանջվող գումարը, թե՞ ոչ:«Քանի որ առ այս պահը մենք չունենք համապատասխան խոստում, դա է պատճառը , որ այս պահին չենք կարող երաշխավորել, որ պահանջվող ֆինանսավորումը կապահովվի»,- ասում է Դավիթ Հարությունյանը։
Պատգամավորները չեն հիշում նախադեպ, երբ օրենքի նախագիծն ընդունվի նախապայմանով: Միջազգային պրակտիկայում կա՞ օրինակ, երբ ամրագրվում է, որ օրենքի ուժի մեջ մտնելը կախված է դոնորների ֆինանսավորումից՝ հարցնում է Ռուբեն Հակոբյանը: «Գուցե չունենք նման այլ օրենք, բայց բազմաթիվ օրենքներ ունենք, որոնք ընդունվել են ու չեն գործում, որովհետև բյուջեում համապատասխան միջոցներ նախատեսված չեն»:
Եթե այս տարվա բյուջեում գումար չի նախատեսվել, գուցե հաջորդ տարվա բյուջեում նախատեսե՞ն՝ հարցնում է Ալեքսանդր Արզումանյանը, միայն թե ավելի քաղաքակիրթ լուծում տան հարցին, հակառակ դեպքում ստացվում է, որ ԱԺ-ն «եթե»-ներով օրենք է ընդունում: «Դա նույնն է, որ Հարկային օրենսդրություն ընդունես, մեջը գրես՝ եկամտային հարկն իքս տոկոս է, բայց եթե մուտքերը քիչ լինեն, կլինի իքս պլյուս հինգ տոկոս: Սա աբսուրդ է»:
Աբսուրդի թեման Նիկոլ Փաշինյանն է շարունակում: «Շատ պրոզայիկ մի հարց, իսկ եթե ԵՄ-ն մի 2 միլիոն ավել տա, կարո՞ղ ենք այս օրենքի վերջում գրենք՝ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
Իսկ ավելի լուրջ ձևակերպմամբ՝ Փաշինյանի հարցը հետևյալի մասին էր. այդ փոփոխություններն ինքնանպատակ չեն, դրանց նպատակը, ինչպես իշխանությունն ու ընդդիմությունն են փաստել, ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելն է: Ստացվում է, որ ֆինանսավորում չունենալու դեպքում «հանրային վստահությունը չենք բարձրացնի, ժողովրդավարական ընտրություններ չենք ունենա»:
Դավիթ Հարությունյանը Փաշինյանին բացատրում է՝ գործող օրենսգիրքը, իշխանությունների կարծիքով, բավարար երաշխիքներ կամ 99 տոկոս երաշխիք տալիս է պատշաճ ընտրություններ կազմակերպելու համար, բայց ընդդիմությունը դա բավարար չի համարում ու 99,9 տոկոս երաշխիք է ուզում: «Այ, այդ 0,9 –ը պահանջում է մեծ ներդրում, 13 մլն եվրո: Կհաջողվի՝ ուրախ կլինենք, չի հաջողի ՝ չենք պատրաստվում մենք դնել: Մենք մասնակցում ենք 99 տոկոսի չափով»:
Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու հարցում իշխանությունների հետ համաձայնության եկած ՀԱԿ-ն էլ համոզված է, որ նպատակն այնքան կարևոր է, որ ջանքեր է պահանջում: Ավելին՝ Արամ Մանուկյանը կարծում է, որ ֆինանսավորում ապահովելը ոչ թե ջանքի, այլ ընդամենը ցանկության հարց է:
Այս ու մյուս բոլոր պահանջներին ի պատասխան ՝ Դավիթ Հարությունյանն առաջարկում է հավատարիմ մնալ այն համաձայնագրին, որը ստորագրել են: Նաև նշում է, որ այս ընտրություններն անկախ ամենից, պետության վրա մի քանի անգամ ավելի թանկ են նստելու, քան՝ բոլոր նախորդները:




