ԿարևորՔաղաքական

Անկարան եւ Բաքուն արձագանքել են Հռոմի պապի երեւանյան հայտարարություններին

Պաշտոնական Անկարան այսօր անդրադարձել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Երեւանում արած հայտարարություններին: «Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտում է Հռոմի պապի խոսքերը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ։ Նրա կողմից ցեղասպանություն եզրի օգտագործումը կրկին ի ցույց դրեց հավատարմությունը հայկական կողմի անհիմն պնդումներին, որը չունի ոչ պատմական, ոչ էլ իրավական հիմնավորում»,- ասված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Հերթական անգամ մենք գործ ունենք կրոնական խտրականության հետ ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ունեցած ցավի և կորուստների վերաբերյալ»։

Անկարան ավելի հեռուն է գնացել՝ նշելով, թե Հռոմի պապի այցը Հայաստան չի նպաստում տարածաշրջանում խաղաղության և կայունություն հաստատմանը՝ ապրիլին ղարաբաղյան հակամարտության շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների հանատեքտում։

Եթե պաշտոնական Անկարան հիմնականում ջղաձգվում է Հռոմի պապի՝ ցեղասպանության եզրի օգտագործման կապակցությամբ, ապա պաշտոնական Բաքվի ուշադրության կենտրոնում կաթոլիկ եկեղեցում հովվապետի խոսքերն են՝ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության հաստատման վերաբերյալ: Այս երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեն Հաջիևն այսպես է ընկալել խաղաղության մասին պապի կոչերը. Ֆրանցիսկոսը կոչ արեց Հայաստանին վերջ դնել «ադրբեջանական տարածքների բռնազավթմանը»:

Back to top button