

Հեղեղը օրերս մեծ վնասներ հասցրեց Արթիկին։ Ավերվել են անասնագոմեր, սատկել են անասուններ, ջրի տակ են անցել բնակարաններ, տուժել են ենթակառուցվածքներ: Հեղեղից մեկ օր անց Արթիկում եղավ նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար: Գործադրի ղեկավարը հանդիպեց նաև տուժած բնակիչների հետ, խոստացավ վնասի չափերը հաշվարկելուց աջակցություն ցուցաբերել։
Հունիսի 24-ին տեղեկություն ստացվեց, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարների խցանման հետևանքով ջուրը լցում է կենտրոնական փողոցները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վարարել էր Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ էին առաջացել Մովրովի և Բմբուլենց սելավատարերում, ինչի հետևանքով ջրալցվել էին մի շարք փողոցներ, Արթիկ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ը, երկրորդական մի շարք փողոցներ, որտեղ ջրի մակարդակը հասնում էր մոտ 40 սմ-ի:Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 27 աշխատակից։ Նրանք տեղափոխվել են անվտանգ տարածք: Տարհանվել են բնակիչներ, ջրալցված անասնագոմերի անվտանգ տարածք են տեղափոխվել կենդանիներ, սակայն որոշ անասնագոմերում անասունները սատկել են: Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամուրջի հիմքը, Ազատության փողոցի տներից մեկի արտաքին պատը մասնակի փլուզվել է: Արթիկի բնակիչ Մանվել Նողրովյանը բնակվում է Անկախության փողոցի շենքերից մեկում: « Ռադիոլուրի» հետ զրույցում արթիկցին պատմում է հունիսի 24-ին տեղի ունեցած աղետի մասին: Ջուրը լցվել է իր, ավագ եղբոր բնակարաններ՝ վնասելով ողջ գույքը:
Վնասվել է նաև կարտոֆիլի ցանքատարածությունը՝ ասում է: Ավագ եղբոր և իր ընտանիքները այժմ ժամանակավորապես բնակվում են հարազատների տանը, մինչև որ կվերականգնեն բնակարանները: Հունիսի 25-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով եղել է Արթիկ քաղաքում՝ տեղի ունեցած հեղեղի հետևանքներին և պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով: Վարչապետն այցելել է տուժած թաղամասեր, եղել է նաև մանկապարտեզում և դպրոցում: Հանդիպել է բնակիչների հետ: Գործադրի ղեկավարը հավաստիացրել է, որ կառավարությունը բնակիչների կողքին է և կհատկացնի անհրաժեշտ օժանդակություն:
Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի գլխավորությամբ ստեղծվել է մարզային հանձնաժողով՝ կրած վնասի չափերը հաշվարկելու համար: Սակայն մինչ վերջնական արդյունքները, քաղաքապետը «Ռադիոլուրին» ներկայացրեց նախնական պատկերը: «Այս պահի դրությամբ վնասված բնակարանների թիվը 31-ն է: Մեկ մանկապարտեզ, մեկ դպրոց, դատարանի շենքի նկուղն է հեղեղվել: Մոտ 20, հազ. քմ ցանքատարածություն է վնասվել՝ սիզամարգեր, մարգեր և այլն»։
Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի խոսքով՝ այս պահի դրությամբ հեղեղման վտանգ չկա: Հեղեղատարը վերադարձված է հիմնական ջրատար: Իսկ այժմ քաղաքում իրականացվում են քաղաքային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ: Քաղաքային իշխանությունների ջանքերով և կամավորների օգնությամբ մաքրվում են տներն ու նկուղային հատվածները:
Տեղեկացնենք նաև, որ քաղաքապետարանը կոչ է արել օգնել Արթիկին՝ աղետի հետևանքները վերացնելու համար։ Օգնության համար բացվել է բանկային հաշիվ, որը տեղադրված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։




