

Խորհրդարանն այսօր արտահերթ նստաշրջան է գումարել, որն, ի դեպ, երկրորդն է գարնանային նստաշրջանի ավարտից հետո: Նախաձեռնությունը կրկին գործադիրինն է:
Թեև արտահերթի հրավիրման հիմնական պատճառը 1 ամիս առաջ ընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելն է, բայց օրակարգում 21 հարց է: Այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:
Խորհրդարանական ընդդիմությունը վերապահումներ ունի այս համաձայնագրի վերաբերյալ: «Ժառանգություն» կուսակցությունն այդ առիթով այսօր հայտարարություն է տարածել ՝ փաստաթուղթը որակելով «խայտառակ» և կոչ անելով ԱԺ բոլոր պատգամավորներին դեմ քվեարկել դրան:
Օրակարգի քննարկման ժամանակ Զարուհի Փոստանջյանը խոսել է ոչ միայն համաձայնագրից, այլ նաև Ընտրական օրենսգրքից: Այն կոնսենսուսի արդյունք չէ՝ ասել է Փոստանջյանը:
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող օրինագիծը, ըստ կառավարության հիմնավորման, մշակվել է իշխանություն-ընդդիմություն քաղաքական համաձայնության արդյունքում: 4+4+4 ձևաչափով ընթացած քննարկումները, հիշեցնենք, ավարտվեցին քաղաքական համաձայնության մասին փաստաթղթի ստորագրմամբ, որում ընդդիմությունն ու իշխանությունն արձանագրեցին, որ համաձայնության են հասել բանակցվող 5 կետերից 4-ի շուրջ:
Փոփոխությունների մի մասը կարող է ուժի մեջ մտնել անմիջապես և ֆինանսական միջոցներ չի պահանջում ՝ այսօր խորհրդարանում ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Իսկ ահա մյուս մասը լուրջ ֆինանսավորում է պահանջում, մոտ 16 մլն եվրո: Հենց այս պատճառով էլ կառավարությունը փոփոխությունների երկու նախագիծ է ներկայացրել: Ֆինանսավորում պահանջող նախագիծը քննարկման է գնում աննախադեպ նախապայմանով. եթե մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 1-ը ֆինանսավորում չապահովվի, ապա նախագիծը չեղյալ կհամարվի: Կառավարությունը, ըստ Հարությունյանի, դեռ չգիտի ՝ հնարավոր կլինի՞ ապահովել այդ ֆինանսավորումը, թե՞ ոչ: «Առ այս պահը մենք չունենք համապատասխան խոստում և այդ պատճառով էլ չենք կարող երաշխավորել, որ ֆինանսավորումը կապահովվի: Նախնական գնահատականներով խոսքը 16 մլն եվրոյի մասին է, որից 3 մլն. ապահովելու է կառավարությունը»,- ասել է Դավիթ Հարությունյանը:




