

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի մշակութային կյանքում վերջին երկու տարում դրական փոփոխություններ են նկատվել: Պետական բյուջեի միջոցներով դեռևս վերանորոգվող մշակույթի տանը համայնքի զարկերակների նախաձեռնությամբ գործում են պարի և մարզական խմբակներ, բացվել է կինոթատրոն: Օրացուցային յուրաքանչյուր տոն զարկերակները վերածում են իսկական տոնի:
Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում մոտ 11 հազ. մարդ է ապրում, ճիշտ այնքան, որքան փոքր քաղաքներում: Արտաքին տեսքով էլ գյուղը նմանվում է քաղաքի, գյուղացու առօրյան էլ չի զիջում քաղաքացուն՝ մշակույթի տուն, երաժշտական դպրոց, կինոդահլիճ։ Գյուղացու մշակութային քաղցը բավարարող միջոցներ, որը նաև երիտասարդին գյուղում պահելու միջոց է: Գյուղի մշակույթի տանն արդեն երկու տարի գործում է պարի խմբակը, սաները համերգով հանդես է եկել ոչ միայն գյուղում, այլ հարակից բնակավայրերում։
Գյուղի երեխաներն ու երիտասարդները շաբաթը մեկ անգամ հնարավորություն ունեն մեծ էկրանին դիտելու այն ֆիլմերը, որոնք ցուցադրվում են Երևան քաղաքի Մոսկվա կինոթատրոնում: Համագործակցությունը սկսվել է երկու տարի առաջ: Կինոթատրոնի նախաձեռնողները Վարդենիկ գյուղում գործող «Համայնքի զարկերակ» երիտասարդական հասարակական կազմակերպության անդամներն են կամ, ինչպես իրենք են ասում, զարկերակները:
Վարդենիկի մանկական երաժշտական դպրոցի 180 տեղանոց վերանորոգված դահլիճում կազմակերպվում են համերգներ և ֆիլմերի դիտում: Համայնքի գլխավոր զարկերակ Արտուշ Խաչատրյանը տեղեկացրեց, որ մեծ էկրանին ֆիլմերի ցուցադրությունն ավելի մատչելի է, դահլիճն էլ ՝ միշտ մարդաշատ։
Երևանում սովորող ուսանողները չեն կտրվում գյուղից, ներկա են կազմակերպվող բոլոր միջոցառումներին, հետաքրքրվում են համայնքի զարկերակների կյանքով և ազատ ժամանակ գտնելու դեպքում՝ մասնակցում:
Պետական բյուջեի միջոցներով արդեն 6 տարի վերանորոգվում է Վարդենիկ գյուղի մշակույթի տունը, երրորդ փուլում նախատեսվել է վերանորոգել 800 տեղանոց դահլիճը: Մշակույթի տանը համայնքի զարկերակների նախաձեռնությամբ գործում է նաև սպորտային խմբակը:
Վարդենիկում կա 2 հիմնական և մեկ ավագ դպրոց, մեկ նախակրթարան՝ չորսից-հինգ տարեկան շուրջ 60 երեխայով: 11000 բնակիչ ունեցող գյուղում չկա մանկապարտեզ : Գյուղապետարանի աշխատակիցը տեղեկացրեց, որ ներկայում աշխատանքներ են տարվում մանկապարտեզի բացման ուղղությամբ։
«Մենք համայնքի զարկերակներն ենք և փորձում ենք մեր համայնքի խնդիրները մենք՝ ինքներս լուծել»,- ասում են ակտիվիստները: Աշխատանքային հանդիպումներում նրանք քննարկում և գտնում են խնդրի լուծման ճանապարհները:




