Հասարակություն

Միլիոնավորների համակրանքը վայելող Պապը երբեմն կարող է նաեւ զայրացնել

alisagevorgyan

Time հեղինակավոր ամսագիրը Ֆրանցիսկոս Պապին ճանաչել է տարվա մարդ իր գահակալության հենց առաջին տարում եւ անվանել նրան «հասարակ մարդկանց Պապ»:  Ֆրանցիսկոս Պապը հայտնի է իր պարզությամբ, համեստությամբ եւ ժողովրդավարությամբ:  Այս օրերին Հայաստանում գտնվող Հռոմի Կաթոլիկ եկեղեցու 266-րդ Պապի մասին առավել ուշագրավ տեղեկություններն առանձնացրել է «Ռադիոլուրը»:

 

 

1936 թվական, Արգենտինա, մայրաքաղաք Բուենոս Այրես. իտալացի ներգաղթյալների ընտանիքում ծնված Խորխե Մարիո Բերգոլիոն ընտանիքի հինգ զավակներից կրտսերն էր: Հարցազրույցներում  խոստովանել է, որ ամենասիրած մարդն իր տատն է, որը դաստիարակել է նրան, սովորեցրել է իտալերեն ու հավատ ներշնչել: Ավարտել է արդյունաբերական ինստիտուտը, դիպլոմավորված քիմիկոս է: Երկար տարիներ աշխատել է քիմիական արդյունաբերության ոլորտում, իսկ հետո ընդունվել հոգևոր ճեմարան: 1969 թվականին ձեռնադրվել է քահանա։

2013 թվականի փետրվարի 28-ին Բենեդիկտոս XVI պապի հրաժարականից հետո Խորխե Մարիո Բերգոլիոն դարձավ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու 266-րդ պապը։ Հռոմի պապ ընտրվելուց հետո վերցրեց  Ֆրանցիսկոս անունը՝ ի պատիվ սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու։ Ֆրանցիսկոսն առաջին ճիզվիտ պապն է, առաջին պապը՝ Լատինական Ամերիկայից, առաջինը՝ Հարավային կիսագնդից և առաջին ոչ եվրոպացի պապը՝ սիրիացի Գրիգոր III պապից հետո, ով վախճանվել է 741 թվականին:

Իր ողջ հասարակական կյանքի ընթացքում Ֆրանցիսկոս պապն աչքի է ընկել համեստությամբ, հատուկ նշանակություն տվել Աստծո ողորմածությանը, մտահոգվել աղքատներով և առանձնացել այլ դավանանք ունեցող անձանց նկատմամբ իր հանդուրժողական վերաբերմունքով։ Նրան գնահատում են պապական իշխանության հանդեպ ունեցած համեստ, քիչ պաշտոնական վերաբերմունքի համար։ Օրինակ՝ ի տարբերություն նախկին պապերի՝ նա նախընտրեց բնակվել Վատիկանի Domus Sanctae Marthae հյուրատանը և ոչ թե առաքելական պալատի պապական հարկաբաժնում։ Նախընտրում է անպաճույճ եկեղեցական հագուստներ, իր ընտրության ժամանակ հրաժարվել է ավանդական պապական մոցցետայից, պապական իշխանության խորհրդանիշ համարվող ոսկե Ձկնորսի մատանու փոխարեն ընտրել է արծաթե մատանին և պահպանել նույն լանջախաչը, որը կրում էր այն ժամանակ, երբ  կարդինալ էր ։

Ֆրանցիսկոս Պապը պահպանում է եկեղեցու ավանդական հայացքները արհեստական վիժումների, էվթանազիայի, հակաբեղմնավորիչների, համասեռականության, կանացի քահանայության և կուսակրոնության վերաբերյալ։ Մեծ աջակցություն է ցուցաբերում կլիմայի փոփոխությանն ուղղված միջոցառումներին: Time հեղինակավոր ամսագիրը Ֆրանցիսկոս Պապին ճանաչել է տարվա մարդ իր գահակալության հենց առաջին տարում եւ անվանել նրան «հասարակ մարդկանց Պապ»:  Ֆրանցիսկոս Պապը հայտնի է իր պարզությամբ, համեստությամբ եւ ժողովրդավարությամբ : Իր գահակալության հանդիսության նախօրեին նա դիմեց աշխարհին եւ կոչ արեց չգալ Վատիկան՝ իր գահակալության հանդիսությանը, փոխարենը այցելության համար նախատեսված  գումարը նվիրաբերել աղքատներին:

Սրբազան Քահանայապետը հրաժարվում է Պապական հատուկ ավտոմեքենայից եւ ուղեկցող ավտոշարասյունից, անձամբ է վճարում իր հյուրանոցային եւ այլ հաշիվների դիմաց եւ մերժում է իր նախորդների բոլոր արտոնություններից օգտվելը: Նրան համարում են նաև վերջին տասնամյակների ամենաազատամիտ ու լայնախոհ Պապը, որը խուսափում է կրոնավորներին հատուկ բարոյախրատական ու մեղադրական տոնայնությունից ու հաճախ կրկնում է՝ Ով եմ ես, որ դատեմ:

Ֆրանցիսկոս Պապի հարցազրույցներից մի քանի հատվածներ, որոնք կաթոլիկ աշխարհի առաջնորդին բնորոշում են որպես պարզ ու անմիջական մահկանացու.

«Ամենից շատ ցանկություն ունեմ դուրս գալ ու հանգիստ զբոսնել փողոցում։ Մտնել պիցցայանոց ու համեղ պիցցա ուտել։ Երբ կարդինալ էի, սիրում էի քայլել, նստել ավտոբուս կամ մետրո։ Սիրում եմ քաղաքը։ Չեմ վախենում ոչ մի բանից։ Ինչ վերաբերում է հնարավոր մահափորձերին, ես Տիրոջ ձեռքերում եմ և իմ աղոթքներում ասում եմ նրան. «Եթե լինելու է, թող լինի։ Միայն խնդրում եմ՝ թող այնպես լինի, որ ես ցավ չզգամ»։ Ես փոքրոգի եմ ֆիզիկական ցավի հարցում։ Ցավը հոգեպես կարող եմ տանել, բայց ֆիզիկապես՝ոչ»:

Ես կարդում եմ միայն մեկ թերթ «Հանրապետություն». Առավոտյան 10-ը րոպեն լրիվ հերիք է, որպեսզի թերթեմ այն։ Հեռուստացույց չեմ նայում 1990 թվականից։ Այդպիսի երդում եմ տվել Կույս Մարիամին 1990 թվականի հուլիսի 15-ին։ Հեռուստատեսությունն ինձ համար չէ։

Համացանցից նույնպես չեմ օգտվում։  Յուրաքանչյուրիս կյանքում է 3 բան է անհրաժեշտ. հիշողությունը, ներկան հասկանալու կարողությունը և ուտոպիական հայացքը՝ ապագային։ Եթե ես կորցնեմ արմատներս ու զրկվեմ հիշողություններից, ինձ հետ կկատարվի նույնն  ինչ բույսի հետ՝ կմահանամ։ Ես օրը 6-ը ժամ եմ քնում։ Որպես կանոն՝ պառկում եմ 9-ին ու մինչև 10-ը կարդում եմ։ Երբ աչքերս սկսում են փակվել, անջատում եմ լույսն ու քնում մինչև ժամը 4-ը. սրանք իմ բիոլոգիական ժամերն են։ Նաև պետք է կեսօրին քնեմ՝ 40 րոպե կամ մեկ ժամ։ Ուզում եմ, որ ինձ հիշեն որպես «լավ տղա»։ Որ ասեն՝ «Շատ լավ տղա էր, որն  ուզում էր բարի գործեր անել»։

Լրատվամիջոցներում վերջերս հայտնվեց Ֆրանցիսկոս պապի առաջին և միակ սիրո պատմությունը: Լրագրողները գտել էին  Պապի առաջին սիրուն։ 1940-ական թվականներին Ամալյա Դիամոնտեն և այժմյան Հռոմի պապը Բուենոս Այրեսի փողոցներում միասին խաղեր են խաղացել։ Որոշ ժամանակ անց Ամալյա Դիամոնտեին սիրահարված 21–ամյա Խորխեն նամակ է գրել՝ եթե «այո» չասի, ինքը կհեռանա աշխարհիկ կյանքից և հոգևորական կդառնա:

Իրենց դստեր և աղքատ ներգաղթյալների ընտանիքից Խորխեի միությանը աղջկա ծնողները դեմ են եղել  և Ամալյան մերժել է ամուսնության առաջարկը։ Խորխեն էլ  ճեմարան է գնացել: Տարիներ անց Ամալյան իմացել է, որ նա հոգևորական է դարձել։ Անգամ ցանկացել է, որ հենց նա իրեն պսակադրի, բայց ինչ–ինչ պատճառներով չի ստացվել: «Երբ հեռուստացույցով պատահաբար լսեցի, որ ր Խորխեն Հռոմի Պապ է դարձել, քիչ մնաց  զարմանքից ուշաթափվի»,-խոստովանել էր Ամալյան։

Միլիոնավորների սերն ու համակրանքը վայելող Ֆրանցիսոս Պապը երբեմն կարող է նաև խիստ զայրացնել: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «զայրացած» զանգահարել էր Ֆրանցիսկոս պապին այն բանից հետո, երբ նա Եվրոպան համեմատել էր չբեր կնոջ հետ: 2014 թվականի նոյեմբերին Եվրախորհրդարանում իր ելույթի ընթացքում Ֆրանցիսկոս պապն ասել է՝ «հյուծված» Եվրոպան ավելի ու ավելի է իրեն հիշեցնում «տատիկի», որը զրկված է պտղաբերությունից եւ զգայականությունից:

Back to top button