ԿարևորՔաղաքական

Քրիստոնեական գաղափարները մեզ ուղղորդել են դժվարին ճանապարհներով. ՀՀ նախագահի հարցազրույցը Վատիկանի ռադիոյին

Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցից մի քանի ժամ առաջ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Վատիկանի ռադիոյի հայկական խմբագրությանը՝ խոսելով Վատիկան- Հայաստան դիվանագիտական եւ բարեկամական կապերի մասին՝ դրանց որակելով բարեկամական եւ զարգացող։ Անրդրադառնալով Ղարաբաղյան խնդրին՝ նշել է, որ այն պետք է խաղաղ լուծում ունենա, Սյուռք- հայրենիք համագործակցությունն է կարեւորել (լսել այստեղ

Panorama- ն հրապարակել է հանրարետության նախագահի հարցազրույցի սղագրությունը։ 

-Համայն հայությունը և Հայաստանը 3 օր շարունակ պետք է ապրեն հուզումնալից պատմական օրեր, քանի որ Սրբազան Քահանայապետը այցելելու է մեր երկիր: Ինչպես է Հայաստանը պատրաստվել այս այցելությանը:  
-Մենք հպարտ ենք, մենք շոյված ենք և մենք երախտապարտ ենք Սրբազան Քահանայապետի այցելությամբ ու նրա վերաբերմունքից: Տարիներ շարունակ նա իր շատ ջերմ վերաբերմունքն ու հարգանքն է ցուցաբերում աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովրդի նկատմամբ: Դա անում է շատ մեծ սիրով և ինչպես ես եմ հասկանում, ինչպես բոլոր հայերն են հասկանում՝ դա գալիս է նրա համոզմունքից, նրա սրտի խորքից: Ուստի մենք մեր բոլոր հնարավորություններն ի սպաս ենք դրել, որպեսզի մեր ժողովուրդը և առաջին հերթին հավատացյալները՝ ինչպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդները, այնպես էլ կաթոլիկները հնարավորություն ունենան ինչ-որ կերպ շփվելու Սրբազան Քահանայապետի հետ: Եվ կարծում եմ, որ այս երեք օրերի ընթացքում մեր ժողովուրդը հնարավորություն կունենա զգալու նրա ջերմությունը, նրա էներգիան հայ ժողովրդի նկատմամբ: Կարծում եմ՝ ամեն ինչը շատ բարձր մակարդակով կլինի:

-Պարոն նախագահ, Սրբազան Քահանայապետը իր այս եռօրյա այցելության ընթացքում պետք է այցելի զանազան վայրեր, որոնց թվում է նաև Ծիծեռնակաբերդը: Այսօր միջազգային մի շարք լրատվամիջոցներ հետաքրքրվում են, արդյո՞ք Քահանայապետը կասի ցեղասպանություն բառը: Դուք ի՞նչ եք կարծում այս մասին:
-Մեր ժողովուրդը մշտապես արդարության կարոտ է եղել և շատ երկար տարիներ աշխարհում միայն մեծ հումանիստներն էին խոսում ցեղասպանության մասին: Իհարկե ժամանակները փոխվել են և արդեն տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, այդ թվում նաև Վատիկանը, և ոչ մեկ անգամ, ուստի անձամբ ինձ համար այլևս դա կայացած փաստ է: Պապը ոչ միայն համարում է, այլ նաև այն համոզմունքն ունի որ ցեղասպանություն է տեղի ունեցել: Իսկ թե իր գործունեության ընթացքում նա քանի անգամ կարտաբերի ցեղասպանություն բառը, միգուցե մեր ժողովրդի տարբեր հատվածների համար դա շատ կարևոր է, բայց կարծում եմ, որ գոնե Սրբազան Քահանայապետի մասով մենք այլևս այդպիսի ակնկալիք չպետք է ունենանք, որովհետև նա քանի անգամ ոչ միայն խոսքով այլ նաև գործով իր համոզմունքի մասին ասել է: Վստահ եմ, որ նա միշտ իրերն իրենց անուններով է կոչում:

-Նշեցիք, որ Հայաստանը դժվար օրեր է ապրում, և Սրբազան Քահանայապետը հենց այդ շրջանում է ժամանում Հայաստան: Ի՞նչ հեռանկար կա այս առնչությամբ:
-Մենք, ինչպես արդեն մի քանի անգամ ասացի, 1715 տարի առաջ ընդունել ենք քրիստոնեությունը որպես պետական կրոն, և այն դարձել է մեր ազգային ինքնության դրոշմը և քրիստոնեական գաղափարները մեզ ուղղորդել են այդ դժվարին ճանապարհներով մինչև 21-րդ դար, սովորեցրել են մեզ հանդուրժողականություն, սովորեցրել են մեզ զսպվածություն ու խնդիրները արժանապատվորեն հաղթահարելու կարողություն: Ես չեմ կարծում, որ այսօր մեր ժողովրդի պատմության ընթացքում ամենադժվարին ժամանակներն են: Մենք ունեցել ենք շատ ավելի դժվար ժամանակներ: Այսօր փառք աստծո անկախ պետություն ենք, ունենք զինված ուժեր, ունենք բարեկամներ, ունենք դաշնակիցներ և ես վստահ եմ, որ մենք նաև այս փորձությունն ենք կարողանալու հաղթահարել: Մեր մոտեցումը շատ պարզ է: Մենք համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Իհարկե մինչև ապրիլյան իրադարձությունները մենք խոսում էինք այն մասին, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: Այժմ մարդիկ մի քիչ դժվար են ընկալում թե ինչպես կարելի է փոխզիջումների գնալ մի երկրի հետ, որը խախտեց իր միջազգային պարտավորությունները: Բայց, այնուհանդերձ, ես համոզված եմ, որ մենք պետք է գտնենք լավագույն ճանապարհը: Լավագույնը ոչ թե Ադրբեջանի համար, լավագույնը ոչ թե Հայաստանի համար, այլ լավագույնը Լեռնային Ղարաբաղի բնակչության,  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և գտնելու ենք այդ լավագույն լուծումը, ես համոզված եմ դրանում, ինչը կբերի իհարկե մեծ զարթոնքի՝ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում և սփյուռքում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդալ այստեղ։

 

Back to top button