Հասարակություն

Հռոմի պապի այցը լուսաբանում է 83 լրագրող

hasmikmartirosyanՀռոմի պապի այցը Հայաստան լուսաբանելու համար Հայաստան են ժամանել 83 լրագրող աշխարհի ամենատարբեր լրատվամիջոցներից՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Նա հայտնել է, որ արարողությունների ժամանակ  ելույթներից անմիջապես հետո Հռոմի պապի այցը լուսաբանող լրատվամիջոցները կունենան սղագրություններ չորս լեզուներով` ռուսերեն, անգլերեն, գերմաներեն ու ֆրանսերեն: «Ռադիոլուրը» զրուցել է Վատիկանի ռադիոյի հայկական բաժնի պատասխանատու Ռոբեր Աթարյանի հետ, ով փոխանցել է Հայաստանի մասին  օտարերկրացի զբոսաշրջիկների հիացմունքը, ինչպես նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցի կարևորությունը:

 

 

Եվ այսպես Հայաստանը միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է: Հայաստանում է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այցը լուսաբանելու համար արդեն իսկ մեր երկիր է ժամանել 83 լրագրող: Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի, լեզվական բարդություններ չեն լինի, քանի որ պապի այցելության ընթացքում ծրագրված օրակարգային արարողությունների ժամանակ տեղի ունեցած ելույթներից անմիջապես հետո այցը լուսաբանող լրատվամիջոցները կունենան սղագրություններ չորս լեզուներով` ռուսերեն, անգլերեն, գերմաներեն ու ֆրանսերեն: Վատիկանի ռադիոյի հայկական բաժնի պատասխանատու Ռոբեր Աթարյանը կրկնակի ուրախ է՝ «լինել հայրենիքում և լուսաբանել Սրբազան քահանայապետի այցը՝ առաջին քրիստոնյա երկիր»:

Ինչպես նշեցինք, Հայաստանում է 83 լրագրող տարբեր երկրներից, ոմանք արդեն իսկ ժամանակ գտել են շրջելու Երևանում և ծանոթանալու հայկական մշակույթի հետ: Ռոբեր Աթարյանը փոխանցելով իր գործընկերների հիացմունքը նշեց, որ Հայաստանը հնարավոր չէ չսիրել:

Վատիկանի ռադիոն եթեր է հեռարձակվում 44 լեզուներով, այդ թվում, ինչպես նշեցինք, հայերենով, օրական 20 րոպե տևողությամբ` 17-50 Հռոմի ժամանակով: Հայկական բաժնի պատասխանատուն փաստում է, որ այլ տեղեկություններ Հայաստանի մշակույթի, պատմության մասին զետեղվում է նաև Վատիկանի ռադիոյի պաշտոնական կայքում:

Հռոմի պապը Հայաստանում է: Բարի գալուստ առաջին քրիստոնյա երկիր:

Back to top button