Հասարակություն

Օգոստոսի 1-ից էլէներգիայի սակագինը կնազի

hasmikdilanyan
Հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշել է  օգոստոսի 1- ից էլեկտրաէներգիայի սակագինը  շարքային սպառողներիս համար նվազեցնել  2,58 դրամով՝ ցերեկային սակագինը ներկայիս 48,78 դրամի փոխարեն  սահմանելով  46,2 դրամ, գիշերային սակագինը՝  38.78 դրամի փոխարեն 36,2 դրամ: Հանձնաժողովի այսօրվա նիստը տևել է  շուրջ 30 րոպե: Հիշեցնենք, մեկ տարի առաջ հունիսի 17-ին էլ Հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց  էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Նշենք նաև, որ էլեկտրաէներգիայի սակագինը վերանայվեց  ու նվազեցվեց  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է այն հիմնական գործոնները, որոնցով էլ պայմանավորված ավելին հնարավոր չի եղել նվազեցնել հոսանքի սակագինը:

 

Այս տարվա օգոստոսի մեկից շարքային սպառողներս 2,58 դրամով ավելի պակաս կվճարենք հոսանքի համար: ՀԾԿՀ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրեց, հաշվարկներ կատարեց ու որոշեց էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը ներկայիս 48,78 դրամի փոխարեն դարձնել 46,2 դրամ, գիշերայինը՝  38.78 դրամի փոխարեն 36,2 դրամ: Ընդհանուր առմամբ,  էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 5,9 տոկոսով:  ՀԾԿՀ-ում վստահեցնում են՝ ավելին նվազեցնելու հնարավորություն չկար: Թե ինչու, հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանն է  պարզաբանում.

«Մենակ ամենամեծ գործոնն ասեմ, ատոմակայանն անցյալ տարվա հաշվարկում 2,4 մլրդ ժամ հոսանք էր տալիս, այժմ՝ 250 մլն կվտ ժամով ավելի ցածր , քանի որ սկսվելու են նրա աշխատանքը տասը տարով երկարաձգելու աշխատանքները։ 250 մլն կվտ ժամ քիչ արտադրվող հոսանքը պետք է վերցնել այլ կայաններից»:

Բաղրամյանի փոխանցմամբ, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն Իրան- Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծն է սկսում կառուցել։ Բացի այդ, մեկ ենթակայան էլ կառուցվում է Վրաստանի ուղղությամբ:  «Պետության երաշխավորությամբ վարկային միջոցներ են ներգրավվել, այժմ այն սպառողն է սպասարկելու.:  «Ներդրում ենք անում ՀՀ էներգահամակարգի համար, — ասում  է Բաղրամյանն «Ո՞ր սպառողը պետք է դրա համար վճարի,- ասում է ու իր հարցին պատասխանում,- մեր՝ ՀՀ սպառողները պետք է վճարեն»:

Նշենք, որ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը հնարավորություն կընձեռի ակտիվացնել Հայաստանի տնտեսությունը՝ կարծում են տնտեսության ոլորտի պատասխանատուները: Իսկ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գիծը Հայաստանին հնարավորություն կտա էլեկտրաէներգիա արտահանել:

Տեղեկացնենք, որ Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ կառուցվող Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի եւ Իրանի արտահանման զարգացման բանկի աջակցությամբ կառուցվող Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի միացման նպատակով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում կառուցել 400/220 կՎ լարման ենթակայան:

Նշենք, որ Իրան Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման գումարը կազմում է 107,9 մլն եվրո, իսկ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը՝ 105,2 մլն եվրո:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր   տնօրեն Կարեն Հարությունյանը  պնդում է՝ սակագների հաշվարկման  հիմքում  ճշգրիտ մեխանիզմներ են ընդգրկված, ավելին, ամեն ինչ ճշգրիտ ուղիով է գնում», — ասաց:

Հարությունյանը կարևորում է  ոչ թե սակագների հաստատումը, այլ  ներդրումային ծրագրերի իրականացումը: Պարզաբանումը հետևյալն է, «Սրանց միջոցով է սպառողների կյանքը բարելավվելու: Այժմ  ավտոմատացված համակարգի ներդրմանն ու    առկա սարքավորումների վերակառուցմանն են նախապատրաստվում»:

ՀԾԿՀ որոշումները  միաձայն հաստատվեցին: Ավելին, Սպառողների խորհրդատվական կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը գոհ է, որ գոնե այս անգամ սակագները ոչ թե բարձրացան,այլ՝ նվազեցին:

Եվ մի ուշագրավ դիտարկում նույնպես ուղիղ մեկ տարի առաջ նույն այս օրերին քաղաքացիական հասարակության անդամները պայքարում էին հոսանքի գնի բարձրացման դեմ: Այն 2015-ի օգոստոսի մեկից բարձրացավ 6,93 դրամով: Կառավարությունն ու ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը  որոշեցին  մինչև 250 կվտ ժամ էլեկտրաէներգիա սպառող քաղաքացիների ավելացված մասը սուբսիդավորել: Սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչներն  այսօր հայտարարեցին,ո ր բնակիչների 80 տոկոսն օգտվել է սուբսիդավորումից: Մի  քանի օրից, սակայն, ժամկետը լրանում է: Ի դեպ, դեռ պարզ չէ, սուբսիդավորումը շարունակվելու է, թե ոչ:

 

Back to top button