Հասարակություն

ՔԿ. Հրազդանի կիրճում սպանությունը բացահայտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդանի կիրճում հունիսի 23-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության հանգամանքները, շարժառիթը, կասկածյալը ձերբակալվել է` հայտնում են Քննչական կոմիտեից

2016թ. հունիսի 23-ին՝ ժամը 23.25-ին, ահազանգ է ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհին դիակ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ  խումբը. Հրազդանի կիրճում՝ ատոմային էներգետիկայի ինստիտուտի վարչական շենքից շուրջ 200 մետր հեռավորության վրա գտնվող բաց տարածքում, հայտնաբերվել է 1967թ. ծնված Ա.Պողոսյանի դին՝ գլխի շրջանի բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 00.30-ին, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում գտնվող բենզալցակայանի մոտից «գլխի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա Լ.Ստեփանյանը:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երկու ահազանգերը փոխկապակցված են և 45-ամյա Լ.Ստեփանյանը նշված վնասվածքն ստացել է Ա.Պողոսյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Նախնական տվյալներով՝ Ա.Պողոսյանը և Լ.Ստեփանյանը, չունենալով մշտական բնակության վայր, բնակվել են Հրազդանի կիրճում: 2016 թվականի հունիսի 23-ի երեկոյան  անձնական հարցերի շուրջ  նրանց միջև առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որն ավարտվել է Ա.Պողոսյանի սպանությամբ։

Դեպքի վայրի զննությամբ  առգրավվել է արնանման հետքերով քար։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ:

Լ.Ստեփանյանը ձերբակալվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button