Քաղաքական

Պապի այցը բարձրագույն միջպետական մակարդակ ունի

karenghazaryan

Հաշված ժամեր են մնացել Հռոմի սրբազան քահանայապետ, Նորին սրբություն Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարելիք այցին: Այցը արարողակարգային առումով տարբեր խորագրեր է կրում՝ «Այց առաջին քրիստոնեա երկիր» եւ «Ուխտագնացություն»: Հայաստանի հանրապետության տեսանկյունից սա բարձրագույն միջպետական այցի մակարդակ ունեցող պետական այց է դիտարկվում՝ լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նախագահի նստավայրում այսօր լրագրողներին է ներկայացվել Հռոմի Պապի այցի ծրագրի եւ միջոցառումների մանրամասները:

 

Հռոմի Պապի այցի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Այդ մասին է վկայում նաեւ հավատարմագրված լրատվամիջոցների քանակը, որոնց թվում զգալի են նաեւ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները: ՀՀ նախագահի Աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ բոլոր վայրերում, որտեղ նախատեսված են Հռոմի Պապի մասնակցությամբ միջոցառումներ, նախապատրաստվել են լրատվամիջոցների համար բոլոր աշխատանքային պայմանները: «Բավականին հագեցած է այցի ծրագիրը: Երեկ օր, որ Սրբազան Քահանայապետը գտնվելու է Հայաստանում, լի են լինելու միջոցառումներով»։

Այցի առիթով թողարկվել է նամականիշ, որի պաշտոնական մարման արարողությունը կայանալու է Պապի այցի օրը: Բացի այդ, հատուկ հուշամեդալ է հատել Կենտրոնական դրամատունը: Այն նույնպես կթողարկվի սրբազան քահանայապետի այցի օրը՝ հունիսի 24-ին: Միջոցառումները մեկնարկելու են օդանավակայանից, շարունակվելու են Մայր Աթոռում: Այստեղ հունիսի 26-ի առավոտյան մատուցվելու է նաեւ պատարագ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ եւ Հռոմի Պապի աղոթակցությամբ:

Հռոմի Պապի այցի պետական մասի  մեկնարկը կտրվի նախագահական նստավայրում՝ Հայաստանի նախագահի եւ Հռոմի Պապի առանձնազրույցով, որին կհաջորդի համատեղ հայտարարություն՝ տեղեկացրեց Վիգեն Սարգսյանը: Հունիսի 25-ին Պապը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր.

Հունիսի 25-ին տեղի կունենա սրբազան քահանայապետի այցը Գյումրի, որտեղ ս. Վարդանանց հրապարակում կմատուցվի պատարագ: Այս մասին մանրամասներ ներկայացրեց Հայ կաթողիկե եկեղեցու դիվանատան քարտուղար Հայր Նարեկ Մնոյանը։

Ամենակարեւոր միջոցառումներից մեկը՝ էկումենիկ արարողությունն ու խաղաղության աղոթքը, նախատեսված է Երեւանի հանրապետության հրապարակում: Հռոմի Պապի այցի եւ նախատեսված միջոցառումների համար մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակվելու են: Այդ մասին տեղեկացրեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Մանրամասները տեղադրված են քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում:

Հռոմի Պապի այցի վերջին հանգրվանը լինելու է հայ ժողովրդի եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու համար կարեւորագույն  սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապը: Հունիսի 26-ին այստեղ ծրագիրը կավարտվի աղոթքով եւ Արարատ լեռան ուղղությամբ աղավնիներ բաց թողնելով:

 

Back to top button