«Էլեկտրիկ Երեւանի» մեկ տարին, գնահատականներ եւ դիտարկումներ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Բաղրամյան պողոտայի անցած տարվա դեպքերից հետո բազմաթիվ հարցումներ է ուղարկել ՀՔԾ, իրավապահ այլ մարմիններ` պարզաբանելու հունիսի 23-ի միջադեպի մի շարք հանգամանքներ: Ի սկզբանե` իրավապահ մարմինները չեն ցանկացել որևէ կարգի տեղեկություն տրամադրել` պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը, սակայն աստիճանաբար որոշակի տեղեկություններ տրամադրել են: Այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր «#Electricyerevan. պայքարից մեկ տարի անց ամփոփ գնահատականներ և դիտարկումներ» թեմայով քննարկում։
Մեկ տարի առաջ այս օրերին թեժ իրադարձություններ էին տեղի ունենում Երևանի կենտրոնում: Օրեր շարունակ փակված էր Բաղրամյան պողոտան, հազարավոր մարդիկ պարզապես տուն չէին գնում և բողոքում էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Շարժումն ստացավ «Էլեկտրիկ Երևան» անունը: Մեկ տարի անց Մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ծավալած պայքարը Հայաստանի նորագույն պատմության մեջ այն ամենապայծառ դեպքերից էր, երբ երիտասարդությունն ինքնաբուխ հավաքվեց և պայքար ծավալեց: Այդ երիտասարդները չհուսահատվեցին իրավապահ մարմինների կողմից բանեցվող տարատեսակ ճնշումներից, կրկին ու կրկին հավաքվեցին` պայքարելու միասնական գաղափարի շուրջ: «Ակնհայտ է, որ հասարակությունն այդ անձնվեր երիտասարդներից ավելին էր պահանջում, քան պետք էր: Նրանք քաղաքական անձինք չէին և քաղաքական որոշումներ չէին կարող ընդունել»:
Իշխանյանը այն կարծիքին է,որ հասարակությանն արդեն հայտնի այդ երիտասարդները պետք է ինքնակազմակերպվեն և մուտք գործեն քաղաքական դաշտ: Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից գործադրված բռնի ուժին, որի համար որեւէ մեկը չպատժվեց, իրավապաշտպանը շեշտում է, «Իրավապահ մարմինների վերին օղակների ներկայացուցիչներն առյուծի սիրտ չեն կերել, որ հրահանգողին դեմ գնան և այս կամ այն ոստիկանին մեղադրանք ներկայացնեն»»,- ասում է:
Հիշեցնենք, որ Բաղրամյանի դեպքերի ժամանակ ֆիզիկական բռնության ենթարկվեցին նաեւ 13 լրագրող եւ օպերատոր, խոչընդոտվեց տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակիցների օրինական մասնագիտական գործունեությունը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, ով ամբողջ տարվա ընթացքում հետեւել է քրգործի ընթացքին, նշում է ,որ մինչ օրս գործով չկա ոչ մի մեղադրյալ կամ կասկածյալ։
Նույն քննարկմանը մասնակից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Հայկուհի Հարությունյանն էլ նշում է, որ նախորդ տարվա հունիսյան դեպքերից հետո առնվազն պետք է լիներ իրավապահների մի խումբ, որը կենթարկվեր պատասխանատվության, մինչդեռ կարգապահական պատասխանատվության ենթարկվեց ընդամենը մի քանի ոստիկան։