Ճանապարհի վերանորոգումն սկսվել է, բայց գյուղացիները չեն հավատում ավարտին
Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից Վարդենիկ հասնող ճանապարհահատվածը խիստ անբարեկարգ է: Քանդված ճանապարհների պատճառով շաքից դուրս են գալիս տեղացիների փոխադրամիջոցները: Վարդենիկցիները տարիներ շարունակ բարձրացնում են խնդիրը և մնացել անպատասխան: Օրերս Զոլաքար-Վարդենիկ ճանապարհահատվածում սկսվել են հարթեցման աշխատանքները:
Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վաղաշեն-Վարդենիկ կենսական նշանակություն ունեցող ճանապարհի նորոգման հարցը համայնքների բնակիչները բազմիցս են բարձրացրել, դիմել են նաև ծայրահեղ քայլերի՝ ճանապարհի փակմանը: Վերջին անգամ ճանապարհի երթևեկությունը փակել են մայիսի վերջին: Բողոքի ձայնը տեղ է հասել: Օրերս սկսվել են նշված ճանապարհի նորոգման աշխատանքները:
Վարդենիկցիները թերահավատորեն են նայում այդ աշխատանքներին՝ մտածելով, որ դարձյալ աչքկապոցի է: Բնակիչներից մեկը նշեց. «Անցած տարի էլ բերեցին տեխնիկան, ճանապարհը ֆրեզերեցին ու գնացին, հիմա էլ են ֆրեզերում, գոնե այս անգամ սարքեն»: Քարուքանդ եղած ճանապարհով երթևեկելիս շարքից դուրս են գալիս տեղացիների ավտոմեքենաները: Արտուշ Խաչատրյանը տեղկացրեց, որ իրենց վճարած հարկ ու տուրքերի տասնապատիկն էլ պետք է վճարեն և ավտոմեքենաները վերանորոգեն:
Մարտունի-Վաղաշեն-Վարդենիկ ճանապարհահատվածի ամենաանանցանելի հատվածը սկսվում է Զոլաքարից և ավարտվում Վարդենիկ գյուղի վերջում: Գյուղացիները պնդում են, որ շուրջ չորս տարի է, ինչ հիշյալ ճանապարհահատվածը քանդված վիճակում է: Այդ ճանապարհով են փորձել հիվանդանոց տեղափոխել նաև ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորներին։ «Այս ճանապարհով տեղափոխվող հիվանդի վիճակն էլ ավելի է վատանում»,- ասաց զրուցակիցս:
Ճանապարհային շինարարական տեխնիկայի առկայությունը հուսադրող է, սակայն գյուղացիներին հույս չի ներշնչում: Եթե աշխատանքները դարձյալ կիսատ թողնվեն, ապա այս անգամ բողոքի ձայնը կբարձրացնեն հարակից գյուղերի հետ միասին։
Ճանապարհաշինության աշխատանքներն առայժմ ընթացքի մեջ են, փաստաթղթային ձևակերպումները՝ նույնպես: Համաշխարհային բանկի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակում նախատեսվել է իրականացնել կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վաղաշեն-Վարդենիկ հատվածում: Շուտով կհայտարարվի ճանապարհի վերականգնման մրցույթը և հայտնի կդառնա կապալառուն: