

Երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնությամբ հուլիսի 3- ին Գեղարդում և Գառնիում կանցկացվի «Վարդավառ» միջազգային երրորդ փառատոնը: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի առավել լայնածավալ աշխատանքներ են նախատեսվում հայկական մշակույթի վերհանման, երիտասարդության շրջանում ազգային—հոգևոր արժեքների պահպանման, Հայաստանի կայուն աճն ապահովող զբոսաշրջության ոլորտի զարգացման և Հայաստան—Սփյուռք գործակցության ամրապնդման ուղղությամբ: Ներկայացնելով «Վարդավառ» միջազգային փառատոնի կարևորությունը՝ նշել է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը:
Հայ հեթենոսները պնդում են, որ Վարդավառը հեթանոսական տոն է և կապ չունի որևէ պայծառակերպության հետ։ Այն հազարամյակներ շարունակ նշվում է որպես Հայոց սիրո Աստղիկ աստվածուհու տոն: Հայ առաքելական եկեղեցին լրացնում է՝ Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է և խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջև, որը, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա։ Այն նշվում է Սուրբ Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի օրը:
«Վարդավառ» բառի խորհուրդը լեզվաբանորեն կազմված է «վարդ» եւ «վառ» բառերից և նշանակում է ջրով օծված։ Քանի որ Վարդավառը տոնել են նաև հեթանոս հայերը, այդ պատճառով էլ պահպանվել են տոնի հեթանոսական սովորույթները` միմյանց վրա ջուր ցողելը, աղավնի թռցնելը և այն: Հեթանոսական արմատներ ունեցող եկեղեցական տոնն այս տարի կնշվի հուլիսի 3- ին՝ Գեղարդում և Գառնիում՝ Երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնությամբ: Ինչո՞վ է պայմանավորված միջոցառման կազմակերպման վայրի ընտրությունը. Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, «Վարդավառ» միջազգայի փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը նշեց, որ փառատոնը ճանաչողական, կրթական, մշակութային ուղղվածություն ունի, և հայ ժողովրդի ու համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող հուշարձաններում՝ Գեղարդում և Գառնիում էլ կանցկացվի սիրված՝ ջուր ցողելու տոնը:
Տեղեկացնենք, որ փառատոնը երկու մասից է բաղկացած լինելու։ Առաջին մասը կանցկացվի Գեղարդի վանքում, որտեղ կլինի երիտասարդության օրհնության կարգ: Երկրորդ մասը կանցկացվի Գառնու տաճարում, որտեղ էլ կլինի Վարդավառին նվիրված տաղավարների բացում, ինչպես նաև ազգային երգ, պար, իսկ տարբեր համույթների և դերասանների կողմից բեմադրված երաժշտական թատրոնը հյուրերին յուրովի կներկայացնի Վարդավառ տոնի էությունը:
Ի դեպ, նախորդ տարի Վարդավառ միջազգային փառատոնին մասնակցել է 150 օտարերկրացի, այս անգամ կազմակերպիչները սպասում են ավելի մեծ թվով հյուրեր: Հարցին՝ նմանօրինակ փառատոնների կազմակերպումը նպաստո՞ւմ է զբոսաշրջության զարգացմանը, փառատոնի ղեկավարը նկատեց.«Այս տարի շատ ակտիվ աշխատում են տուրիստական կազմակերպությունները, և առաջարկվելիք փաթեթներում հատուկ նշվում է «Վարդավառ» միջազգային փառատոնի մասին: Նախատեսված են ազգային խաղերի նկարագրման ու բացատրման եռալեզու թարգմանություն՝ օտարերկրացիներին խաղին մասնակից դարձնելու համար»:
Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանը ոգևորությամբ խոսեց փառատոնի անցկացման մասին՝ նշելով, որ նման միջոցառումների կազմակերպմամբ մարզը մշակութային կյանքով է ապրում: Մարզի բնակիչների համար տոնը սիրված և սպասված է՝ հավելեց փոխմարզպետը:




