Հասարակություն

Տայքին նվիրված միջազգային գիտաժողով

karenghazaryan

Առաջին անգամ Հայաստանում անցկացվում է  պատմական Տայք նահանգին նվիրված միջազգային գիտաժողով: Եռօրյա գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել հայագետներ, բյուզանդագետներ Վրաստանից,   Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից եւ Հունաստանից: Գիտական շրջանակներում Տայքին նվիրված միջազգային գիտաժողովը համարվում է մեծ իրադարձություն: Տայքը եղել է սահմանամերձ գոտի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, որտեղ կա եւ համատեղ պատմություն, եւ քաղաքականություն, եւ դավանանք ու մշակույթ:  Գիտնականները կարծում են, որ այն պետք է համատեղ ուսումնասիրել, քանի որ, կարծես, այն միացյալ տարածք է, որտեղ հայերն ու վրացիները միշտ ներկա են եղել ու ստեղծագործել համատեղ:   

 

Հայաստանի պատմական նահանգներից Տայքին նվիրված միջազգային գիտաժողովի քննարկման նյութը բավականին ընդգրկուն ժամանակաշրջան եւ բնագավառներ է  ներառում. ժամանակային առումով՝ մ. թ. ա. առաջին հազարամյակից մինչեւ մ. թ. 16-17-րդ դարերը, բնագավառների ընդգրկվածությունը՝ պատմական, մշակութային ու դավանաբանական խնդիրներ:

Կազմակերպիչների փոխանցմամբ՝ Մատենադարանում անցկացվող եռօրյա միջազգային գիտաժողովում արդի խնդիրներ նույնպես քննարկվելու են: «Մեր խոսքը հետեւյալն է՝ Տայքը եղել է սահմանակից գոտի հայկական եւ վրացական պետությունների միջեւ եւ, ինչպես շատ ու շատ սահմանամերձ գոտիներ, այն, կարծես թե, միացյալ տարածք է: Այսինքն, դրան պետք է վերաբերել որպես միացյալ մշակութային տարածք, միացյալ պատմական տարածք եւ այդպես հետազոտել: Դա, կարծես, մեզ համար այսօր նաեւ կարեւոր խնդիր է՝ կամուրջ գցել եւ այն բոլոր հակամարտությունները, որ կան վրացիների եւ մեր միջեւ՝ սա իմն է, սա քոնն է եւ այլն… Մենք կոչ ենք անում՝ ասելու, որ եկեք միասին ուսումնասիրենք այս տարածքը, որովհետեւ այդտեղ մենք միասին ենք ապրել, միասին ենք ստեղծագործել, մի ժամանակ այն եղել է հայկական, հետո՝ վրացական, հետո նորից հայկական…. Այսինքն, այդտեղ հայերն ու վրացիները միասին ներկա են եղել  միշտ»,- ասում է Մատենադարանի գիտաշխատող, արվեստաբան Նազենի Ղարիբյանը։

Օքսֆորդի համալսարանի արեւելագիտության ինստիտուտի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Թեո Մաարտըն Լինտին ասաց, թե ուրախ է, որ միջազգային գիտաժողովին մասնակցում են նաեւ վրացի գիտնականները: Լավ է, որ նման թեմայի նվիրված գիտաժողովներ են կազմակերպվում թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում եւ որին փոխադարձաբար մասնակցում են նաեւ թե՛ հայ, թե՛ վրացի գիտնականներ:

«Այս նյութը նաեւ այժմեական նշանակություն ունի: Կարեւոր է, որ միասին ուսումնասիրում ենք եւ տեսնում ենք, որ նաեւ պատմությունից կարող ենք սովորել, որ միշտ չէ, որ մարդիկ պետք է իրար դեմ աշխատեն: Ընդհակառակը՝ կարող են միասին աշխատել եւ իրարից սովորել եւ միասին մի նոր ինքնություն ստեղծել նույնիսկ»:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նկատեց, որ Տայքի թեման միշտ մնացել է ստվերում, թեպետ՝ դրա շուրջ միշտ խոսվել է, ու տարբեր գիտնականներ հարց բարձրացրել են այդ թեմայով միջազգային գիտաժողով հրավիրելու:

Նման տարածքների ուսումնասիրությունն իրենց մեջ, գիտաքաղաքական առումներով, պարունակում են թվացյալ վտանգներ՝ ասաց Աշոտ Մելքոնյանը՝ եզրափակելով, որ դրանից վախենալու կարիք ամենեւին էլ չկա, քանի որ հիմա այն ժամանակն է, որ պետք է քաջություն ունենալ ճշմարտությանը մինչեւ վերջ նայելու, գիտական բարձր մակարդակով խնդիրները համատեղ ուսումնասիրելու ու ընդհանուր հայտարարի գալու համար:

 

 

Back to top button