LA Herald Tribune. Ֆրանցիսկոս պապը Երևանում հանդիպելու է ցեղասպանության զոհերի ժառանգներին
Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր Հայաստան այցի ժամանակ Երևանում կհանդիպի մոտ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգների հետ՝ գրում է Latin American Herald Tribune-ը:
Պարբերականը նշում է, որ այդ հանդիպումը տեղի կունենա Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում։ «Ֆրանցիսկոս պապը ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին և կողջունի մի շարք երեխաների, ովքեր Մեծ եղեռնից կներկայացնեն լուսանկարներ և նյութեր: Ապա Պապը մուտք կգործի 12 քարե սյուներով պատված հուշահամալիր և կկանգնի զոհերի հիշատակը հավերժացնող կրակի առջև, որից հետո կմասնակցի ծառատունկին, ինչը կհավերժացնի նրա այցը Ծիծեռնակաբերդ: Ավելի ուշ Ֆրանցիսկոս պապը կհանդիպի մի քանի տասնյակ հայ որբերի ժառանգների հետ, որբեր, որոնք փրկվել են 1915թ-ի ցեղասպանությունից և ապաստան գտել Հռոմի մոտ գտնվող պապական Գանդոլֆո բնակավայրում: Ֆրանցիսկոս պապի այցը Ծիծեռնակաբերդ լինելու է նրա՝ Հայաստան այցի գլխավոր մասը»,- գրում է Latin American Herald Tribune- ը:
Պարբերականը հիշեցնում է նաեւ, որ 2015թ- ի ապրիլին, Ֆրանցիսկոս Պապը Վատիկանում պատարագ մատուցեց՝ ի հիշատակ հարյուրամյակի ջարդերի և այն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: