

Ինչպես են գնահատում Սարգսյան-Ալիև- Պուտին հանդիպումը Երևանում: Կարծիքները խիստ տարբեր են: Մի մասը գտնում է որ հանդիպումը դրական քայլ էր, որոշ քաղաքագետներ էլ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու միտումներ են նկատել հանդիպման ու համատեղ հայտարարության մեջ:
Սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո քաղաքագետները փորձում են հասկանալ, թե ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ ԼՂ հակամարտության գոտում: Հրանտ Մելիք- Շահնազարյանի համոզմամբ՝ համատեղ հայտարարությունն արդեն դրական դինամիկայի մասին է վկայում: Վիեննայից հետո պետք է անցնել հաջորդ քայլին: Եթե Ալիևի խոսքն ու գործը համընկնում են, ապա հրադադարը կպահպանվի՝ ասաց քաղաքագետը: «Մնում է իրագործել դիտորդների թվաքանակի ավելացման ու հետաքննության մեխանիզմների ներդրման հարցերում պայմանավորվածությունները»,- ասում է։
Բաքուն մտածում էր, թե կարող է պատերազմի միջոցով լուծել հարցը, բայց պարզվեց, որ չի կարող: Շատերի մոտ տպավորություն է գործել Ալիևի դեմքի արտահայտությունը: Շատերն ուրախություն, ինքնագոհություն են նկատել նրա դեմքին, մինչդեռ Հրանտ Մելիք-Շահնազարյանն Ալիևի դեմքին ոչ ադեկվատ դիմախաղ է արձանագրել:
Իսկ ե՞րբ Արցախը կդառնա բանակցային կողմ՝ ժամանակի հարց է՝ ասում է ու շարունակում՝ դրանից բանակցությունների ողջ տրամաբանությունը կփոխվի:
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը սանկտպետերբուրգյան հանդիպումը գնահատեց փոքր , սակայն ճիշտ ուղղությամբ քայլ: «Դիտորդների թվի ավելացման դեպքում հարց է, թե ով է ֆինանսավորելու, ինչպես է լինելու: Մի փոքր քայլ է արվել ու սպասենք, հույս ունենանք, որ քայլերն այս ուղղությամբ ավելի հստակ կլինեն: Բայց պետք է նաև հիշել, որ գործ ունենք անկանխատեսելի հակառակորդի հետ»։
Բաքուն իր համար ռազմական ճանապարհով խնդրի լուծումն ուղղություն է ընտրել և նպատակ ունի վիժեցնել խնդրի խաղաղ կարգավորումը, այնպես որ դժվար է խոսել դրական փոփոխությունների մասին: Հանդիպման նախաձեռնողը Մոսկվան է: ՌԴ- ն ուզում է, որ Ադրբեջանը հայացքն ուղղի դեպի ԵԱՏՄ, բայց Բաքուն չի գնա այդ քայլին, քանի որ չի կարող սահմանափակել նավթի ու գազի իր շահույթները:
ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին հույս չի ներշնչել հանդիպումը: Համատեղ հայտարարությունը վկայում է, որ մի քանի բանի մասին է խոսվել ու ժամանակ է հարկավոր տեսնելու, թե որքանով են դրանք իրականանալի: Նա լուրջ մտահոգություններ ունի ապագայում խնդրի կարգավորման հարցում։ « Երբ բանակցությունները սկսվեն՝ կարծում եմ ՀՀ վրա ճնշումներ կսկսվեն : Առանց բոլոր սկզբունքների շուրջ վերջնական համաձայնության՝ կարող են սկսել համապարփակ համաձայնագրի շուրջ մշակումները, իսկ դա վատ հետևանքներ կարող է ունենալ»։
Դա ամբողջությամբ կփոխի բանակցային գործընթացի տրամաբանությունը ու կնշանակի անցում խնդրի կարգավորման փուլային տարբերակի՝ հոռետեսորեն նկատեց Կիրո Մանոյանը:




