
Հռոմի պապ Ֆրանցիկոսը հույս ուներ այցելել ինչպես Հայաստան, այնպես էլ Ադրբեջան, սակայն երկու երկրների միջև շարունակական հակամարտությունը նրան հետ է պահել այդ քայլից՝ գրում է Rome Report-ը։
Այսպիսով, Պապը Հայաստանում կլինի սույն թվականի հունիսի 24-26-ը, իսկ Վրաստան և Ադրբեջան նրա այցը նախատեսվում է արդեն հոկտեմբեր ամսին: Նշենք, որ այս այցելության ընթացքում Պապը կփորձի առերեսվել Կովկասյան տարածաշրջանում գոյություն ունեցող լարվածությանը՝ ընդունելով Հայոց ցեղասպանությունը և նպաստի Հայաստանի և Թուրքիայի միջեւ լարված հարաբերությունների թուլացմանը՝ գրում է պարբերականը։
Այցելելով Խոր Վիրապ՝ Պապը միաժամանակ ականատեսը կլինի Արարատ լեռան շքեղությանը:Հռոմի Քահանայապետական Լեւոնյան հայ վարժարանի պրոռեկտոր Տ. Գրիգոր վրդ Պատիշահ իր՝ Rome Report-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Պապի այցը Խոր Վիրապ շատ նշանակալից է լինելու, քանի որ այդ եկեղեցին կարևոր վայր է հայերի համար: Նա պատմել է, թե ինչպես Սուրբ Գրիգորը 13 տարի բանտարկված է եղել այդ եկեղեցում և հրաշքով ազատվելուց եւ մկրտվելուց հետո Հայաստանը դարձել է աշխարհում առաջին քրիստոնեական երկիրը։
Գրիգոր վրդ Պատիշահը նաև նշել է, որ Պապի այցն ապացուցում է՝ Կաթոլիկ եւ Հայ առաքելական եկեղեցիների միջև կա ոչ միայն բարեկամական կապ, այլ նաև խորը հավատի և միմյանց հանդեպ հարգանքի մեծ հավաստիք:
Հարցազրուցի վերջում նա հիշեցրել է, որ սա առաջին անգամը չէ, որ Պապ Ֆրանցիսկոսն իր մեծ հարգանքն է ցուցաբերում Հայաստանի հանդեպ։ 2015 թվականի ապրիլին նա հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հենց Սուրբ Պետրոսի տաճարում, որի ժամանակ էլ նա Գրիգոր Նարեկացուն սրբադասեց որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ:




