Սիրիահայ փախստականները՝ Արմավիրում
Մերձավոր Արևելքի քաղաքացիական պատերազմը կազմալուծեց շատ ընտանիքներ, փոխեց շատ և շատ խաղաղ ու արարող մարդկանց ճակատագրեր: Լիբանանում և Սիրիայում ապրող հայերի մեծ մասը նորից դարձավ տարագիր, հայտնվեցին այլ ափերում, մի մասն էլ ներգաղթեց Հայաստան: Սիրիահայ 40 ընտանիք այժմ ապրում է Արմավիրի մարզում: Դժվարությունները շատ են:
32-ամյա Անահիտ Ավետիսյանը ծնունդով Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղից է: Մուսալեռում հիմնականում ապրում են 1946 թվականին Մերձավոր Արևելքի երկրներից հայրենադարձված հայերը: 2004 թվականին 20-ամյա աղջիկն ամուսնանում է սիրիահայի հետ և տեղափոխվում Լիբանան: Պատերազմը նրանց ստիպել է տեղից-տեղ տեղափոխվել ՝ Բեյրութ, Հալեպ, Ղամիշլու և վերջում հանգրվանել Հայաստանում:
Վարձով են ապրում, ամուսինը հիմնական աշխատանք չունի, գյուղում ուրիշների մոտ օրավարձով աշխատանք է գտնում և պահում ընտանիքը:
Անահիտ Ավետիսյանը հայրենիքում հարազատների մոտ անվտանգ ապրելը գերադասել է ամեն ինչից: Երեք անգամ տունուտեղ է դրել, ցաքուցրիվ արել, պատերազմի վախից տեղից-տեղ փախել և նորից զրոյից սկսել: 12 տարվա անհանգիստ կայնքը ավելի է հասունացրել երիտասարդ կնոջը:
Հայաստան վերադառնալիս ամուսնու հարազատները մնացել են Սիրիայում, ավելի ուշ իրենց են միացել ամուսնու եղբոր երեխաները:
Եղբոր երեխաները չհարմարվեցին հայկական գյուղի կյանքին, վերադարձան Լիբանան, բայց պատերազtը ստիպեց կյանքը վտանգելով այլ երկիր հասնել:
Անահիտի ամուսնու քույրն էլ Սիրիայից դարձյալ ծովով հասել է Գերմանիա: Հարցին՝ կցանկանաք կրկին վերադառնալ Սիրիա, պատասխանեց՝ սա իմ վերջին կանգառն է, ես տեղից-տեղ շատ եմ տեղափոխվել, այլևս տեղ չունեմ գնալու, իմ երեխաներն այստեղ են սովորում:
Մուսալեռից Սիրիա էր ամուսնացել նաև Կիմա Սաֆարյանը: Քաղաքացիական պատերազմի լուրերը, որոնք լսել է միայն հեռուստացույցից, ստիպել է ավելի վաղ թողնել Հալեպն ու 2011 թվականին վերադառնալ Հայաստան: Սկզբնական շրջանում ամուսինն աշխատել է օդանավակայանի ռեստորանում՝ մատուցող, հետո զրկվել աշխատանքից: Աշխատանք գտնելու հույսով Կիմայի ամուսինը երկու անչափահաս երեխաներին՝ 8-ամյա աղջկան և 5-ամյա որդուն, թողնելով միայն մոր խնամքին, արդեն երեք ամիս վերադաձել է Բեյրութ: Մասնագիտությամբ ներկարար է, այնտեղ նույնպես գործ չկա:
Կիման Մուսալեռում ապրում է վարձով: Տան վարձը 15 ամիս հոգացել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի կողմից ֆիմնանսավորվող «Առաքելություն Արևելք» հասարակական կազմակերպությունը: Կիմա Սաֆարյանի ընտանիքի վերամիավորումն ու հետագա ճակատագիրը Կիմայի համար դեռ մնում է անորոշ: