

Սիրիական պատերազմի հետևանքով 2014 թվականի հոկտեմբեր ամսից Հալեպ քաղաքից Հայաստան է ներգաղթել 28+ ամյա Սիլվա Հանյանի ընտանիքը: Ժամանակավորապես ապաստանել են Արմավիրի մարզի Պտղունք գյուղում: Յոթ հոգանոց ընտանիքում երկու ծեր ու մեկ անչափահաս երեխա է ապրում: Ապրելու դժվարություններ ունեն, կարիքն էլ ստիպել է համակերպվել պայմաններին։
28-ամյա Սիլվա Հանյանը ծննդավայրում կարի ագրեգատային արտադրամասում է աշխատել, ամուսինն էլ առք ու վաճառքով զբաղվել: 2014թ հոկտեմբեր ամսից ներգաղթելով հայրենիք օր-օրի նրանց ապրելու դժվարություններն ավելացել են: Ամուսինը ներկայում մի սիրիահայի մոտ բանվորություն է անում, Սիլվան էլ փորձել է աշխատանք գտնել իր մասնագիտությամբ, սակայն ցածր վարձատրության պատճառով հրաժարվել է այդ գործից։
«Այստեղ կտորի վրա են հաշվարկում, հաշվի չեն առնում, որ ես մաքուր գործ եմ անում և ավել կտոր եմ տալիս։ Հալեպում այդպես չէր, մեկ կտորը 10 դրամ, 20 դրամ, է։ Ամսական անում է 20 հազար դրամը՝ տրանսպորտի փող է»։
Մասնագիտական կարողությունները տանն օգտագործելու նպատակով Կարմիր խաչից ստացել է կարի 2 մեքենա՝ մաքրակարող և ուղիղ կարող: Սիլվան նշեց, որ առանձին չի կարող աշխատել, քանի որ կտորները ձևելու հմտություն չունի: Չորս տարեկան մեկ երեխա ունի, կենցաղային խնդիրների պատճառով երկրորդ երեխայի մասին չի մտածում: Իր ընտանիքում ապրում են նաև ծնողներն ու երկու եղբայրը: Եղբայրները ավտոմեքենաներ նորոգելու արհետս ունեն, ուրիշի արհեստանոցում են աշխատում հիմա, բայց երկար ժամանակ գործ չեն ունեցել:
Նրանց բնակարանի վարձը գրեթե 15 ամիս հոգացել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի կողմից ֆինանսավորվող «Առաքելություն Արևելք» հասարակական կազմակերպությունը: Այժմ ժամանակավորապես անվճար ապրում են մի սիրիահայի սեփական տանը: Ասաց, որ Հայաստանում ապրելը դժվար է:
Սիրիահայերին երբեմն մարդասիրական օգնության ձեռք են մեկնում բարեգործական հիմնադրամները: Օրերս «Արմենիան Լայթ Հաուս» բարեգործական հիմնադրամը նրա ընտանիքին հատկացրեց հագուստ և կենցաղային իրեր, պարենային օգնություն են ստացել Հայ բարեգործական ընդհանուր միությունից և Կարմիր խաչից:
Պատերազմը շատ բան փոխեց նրանց կյանքում, պատերազմի վախը դեռ չի անցել, ռումբերի պայթյունն էլ՝ ականջներում է:Հայրենիքում կրելով դժվարություններ՝ Սիլվա Հանյանը դժվարացավ նաև պատասխանել՝ ցանկանո՞ւմ է վերադառնալ ծննդավայր Սիրիա, Հալեպ։ «Մենք հիշատակներ ունենք այնտեղ, տուն, ապրուստ, բայց հայրենիքում ես ինձ ավելի լավ եմ զգում, որովհետև սա իմ մայր հողն է, հայրենիքս»,- ասում է։




