Հասարակություն

Ապօրինի շինարարությունն ու քաղաքապետարանի անտարբերությունը

sonahakobyan

Կանաչ տարածքների հաշվին ապօրինի շինություններին է այսօր անդրադարձել  Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Բերելով մի քանի օրինակներ՝ նա հայտնել է, որ դրանց բոլորի մասին ահազանգել է թեժ գծով, բայց արձագանքը իրեն կամ չի գոհացրել, կամ էլ ընդհանրապես արձագանք չի ստացել: «Ռադիոլուրն» էլ իր հերթին է զրուցել Երեւանի ավագանու անդամների հետ և փորձել պարզել՝ արդյո՞ք մեր ընտրյալները հետամուտ են քաղաքացիների ահազանգերին և ինչ քայլեր են արվում ապօրինի շինությունների կառուցապատողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

 

Անօրինական շինարարությունը՝ այն էլ կանաչ տարածքների հաշվին, դարձել է սովորական երևույթ մեր քաղաքի համար: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը գրեթե ամեն քայլփոխի նմանատիպ  մի կառույցի է հանդիպում և երևի թե դարձել է Երևանի քաղաքապետարանի թեժ գծին ամենաակտիվ ահազանգողներից մեկը: Ապօրինի շինարարության դեպքերն իսկապես շատ են մեր քաղաքում, բայց ամենամեծ խնդիրը պատկան մարմինների լռությունն ու անտարբերությունն է՝ ասում է:

Վերջին օրինակներից Արմեն Պողոսյանն առանձնացնում է նաև Կոմիտասի շուկայի հարևանությամբ՝ Կոմիտաս 26 հասցեում կառուցված սրճարանը՝ դարձյալ կանաչ տարածքների հաշվին:  Սպառողների իրավապաշտպանն այստեղ ոչ այնքան կառուցապատողներին, որքան քաղաքապետարանին է մեղադրում: Պատասխանատվությունը Երևանի ավագանու վրա է, որը սակայն Արմեն Պողոսյանի ահազանգն այդպես էլ անպատասխան է թողել:

«Ռադիոլուրն» էլ իր հերթին փորձեց պարզաբանում ստանալ Երևանի ավագանու անդամներից: Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Թամարա Պողոսյանը ծանոթ չէր խնդրի: Միայն նշեց, որ կանաչ տարածքների վերաբերյալ օրենքի հստակ սահմանափակում կա, որն արգելում է ցանկացած շինարարություն:

Ավագանու իշխանական թևի անդամները ինչ-ինչ պատճառներով չցանկացան անդրադառնալ խնդրին, և մենք կապ հաստատեցինք նաև «Բարև Երևան» դաշինքից Անահիտ Բախշյանի հետ:

Անահիտ Բախշյանը հայտնեց, որ ահազանգերը հիմնականում ստուգվում են քաղաքապետարանի կողմից և շինարարության ապօրինի լինելու դեպքում, դրանք կասեցվում և ապամոնտաժվում են: Թեև լինում են այլ դեպքեր:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը թերևս հենց այս դեպքերը նկատի ուներ, երբ նշում էր, որ ահազանգերն անարձագանք են մնում: Թեև նկատում է, որ այս ամենի մեջ իրենց մեղքի բաժինն ունի նաև հասարակությունը, որն անտարբեր է իր իսկ քաղաքում կատարվող անօրինականությունների նկատմամբ։

Back to top button