

ՅՈՒՆԻՍԵՖ հիմնադրամի և «Վորդ Վիժնի» աջակցությամբ Երևանում հունիսի 18-ից 19-ը կանցկացվի «Կոալա» փառատոն: Նշանաբանն է՝ «Առողջ հղիություն, երջանիկ մանկություն»։ Միջոցառման նպատակն է աջակցել ապագա մայրիկներին և երիտասարդ ծնողներին ընտանիքի պլանավորման, երեխայի ճիշտ սննդակարգը կազմակերպելու հարցում: Ծնողներին միջոցառման ընթացքում խորհրդատվության կտրամադրեն նեղ մասնագետները։ Փառատոնի մանրամասները Աիդա Ավետիսյանն է ներկայացնում:
2014 թվականի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր հանրապետությունում հղիների թերսնուցման խնդիրները տարեց տարի աճում են: Ուսումնասիրությունների համաձայն՝ մինչև 6 տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ է, 15 տոկոսը՝ գերաճ: Պատճառները տարբեր են՝ սոցիալական խնդիրներից մինչև ոչ ճիշտ սնուցումը։ Կան բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիքներ, որտեղ ծնողները չեն գիտակցում երեխայի թերսնուցման բարդ հետևանքների մասին՝ ասում է «Վորլդ Վիժնի» Արագածոտն մարզի վաղ մանկական զարգացման ծրագրերի համակարգող Ռուզաննա Մանուկյանը: «Մենք խոսում ենք կրծքով սնուցման մասին, որը սոցիալական պայմանների հետ կապ չունի»,- ասում է։
«Վերջին տվյալներով՝ մինչև 6 տարեկան երեխաների միայն 35 տոկոսն է բացառապես կրծքով սնվում: ԱՀԿ –ն և ՅՈՒՆԻՍԵՖ- ը հորոդորում են, որ մինչև 6 ամսական երեխաները սնվեն բացառապես կրծքով, իսկ դրանից հետո հավելյալ սննդին զուգահեռ շարունակել կրծքով կերակրումը մինչև 2 տարեկան»,- ասում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը։
Հղիության 9 ամիսներին ու մինչև երկու տարեկան բավարար սնունդ չստանալն ազդում է երեխայի ուղեղի, ինչպես նաև նյարդային համակարգի վրա, քանի որ հենց այս ժամանակահատվածում են ձևավորվում նյարդային համակարգի բոլոր հիմնական հատվածները՝ վստահեցնում են մասնագետները: ՅՈՒՆԻՍԵՖ- ի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսի խոսքով՝ այս առումով խրախուսվում է կյանքի առաջին 6 ամիսներին բացառապես կրծքով կերակրումը:
«Մենք փորձում ենք աջակցել Հայաստանում թերաճության կրճատմանն ուղղված ծրագրերին: Խրախուսում ենք կրծքով կերակրելը կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում: Վիտամինները պատշաճ հավելումներ պետք է տրամադրվեն հղիներին: Պետք է վերահսկվի, որպեսզի մանկական և մայրական առողջությունը լինի առողջապահության բազում ծրագրերի անբաժանալի մասը, որպեսզի վարակներն ու այլ հիվանդությունները չազդեն երեխաների առողջության վրա»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ- ի ներկայացուցիչը։
Հղի կամ նորաթուխ կանանց համար այսօրինակ հարցերին առնչվող այլընտրանքային տեղեկատվությամբ ապահովելու նպատակով Երևանում հունիսի 18-ի19-ը Նկարիչների միությունում կանցկացվի «Առողջ հղիություն, երջանիկ մանկություն» նշանաբանով «Կոալա» փառատոնը, որը կմեկտեղի բժշկության տարբեր ճյուղերը ներկայացնող մասնագետների։ Նրանք էլ իրենց խորհուրդներով կաջակցեն երիտասարդ մայրերին:
Տեղեկատվությանն ուղղված նմանօրինակ միջոցառումները արդյոք տալի՞ս են արդյուքներ. Հարցին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը պատասխանեց, որ պատկերը պարզ կլինի այս տարեվերջին՝ հետազոտությունների ավարտից հետո, սակայն հուսով են, որ աշխատանքները կտան իրենց պտուղները:




