

Մեր պրոբլեմը շուտ համոզվող դատական համակարգն է, որն առանց փաստերի մեջ խորանալու՝ շտապում է բավարարել կալանքի բոլոր միջնորդություներրը. այս դիտարկումն այսօր արել է փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցների գործին: Ալումյանի պաշտպանյալը՝ Արա Բուդաղյանը, 11 ամիս կալանավորված էր սպանության փորձի մեղադրանքով, այսօր արդարացվածի կարգավիճակում է:
Մոտ մեկ տարի գործը քննելուց հետո նախաքննակամն մարմինը եկավ այն եզրակացության, որ Արա Բուդաղյանը մասնակցություն չի ունեցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ 2015-ի մայիսի 20-ին հնչած կրակոցների միջադեպին: 11 ամսյա կալանքից հետո նա արդարացվածի կարգավիչակում է:Վերլուծելով այս զարգացումը՝ Բուդաղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը անտրամաբանական չի համարում իրավիճակը, երբ նախաքննակամն մարմինը կասկածներ է ունենում այս կամ այն անձի նկատմամբ, մեղադրանք է առաջադրում, փոխարենը տրամաբանությունից դուրս է գնահատում, երբ դատարանն առանց փաստերի մեջ խորանալու կալանքի որոշումներ է կայացնում:
«Մեր պրոբլեմը շուտ կամ հեշտ համոզվող դատական համակարգն է: Դատական համակարգն է գլխավոր մեղավորը, որ Արա Բուդաղյանը 11 ամիս գտնվեց անազատության մեջ»:
Մեղադրանքի առաջադրումից հրաժարվելու որոշումը կայացրել է ԱԱԾ քննչական մարմինը: Թե ինչու է փոխվել նախաքննական մարմնի դիրքորոշումը կամ ինչով է պայմանավորված այդ փոփոխությունը, Հայկ Ալումյանը նախընտրում է չմեկնաբանել, բայց այդուհանդերձ ողջունում է նախաքննական մարմնի համարձակությունը:
«Պատահում է, չէ՞, որ նախաքննական մարմինը համոզվում է, որ մեղադրանքը չհասատավեց, բայց իր մեջ այդքան ուժ չի գտնում խոստովանելու, որ սխալվել է, գործն ուղարկում է դատարան, ասում է, թող դատարանն արդարացնի: Այս դեպքում այդ արատավոր մեխանիզմը չաշխատեց»:
Գործը քննող նախաքննական մարմինը Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրեց հանցակազմի բացակայության հիմքով: Բուդաղյանը կալանավորված էր 11 ամսից ավելի: Այդ ընթացքում դատարանը 5 անգամ կալանքը երկարացնելու որոշումներ է կայացրել Դրանց բոլորի, նաև ընդհանրապես կալանավորման և գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու որոշումների դեմ պաշտպանն արդեն իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարան 4 գանգատ ուղարկել է: Ասում է՝ դրանց կավելանան նորերը:
ՄԻԵԴ բողոքներն ուղարկվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման հիմքով:
Ի դեպ, Սուրիկ Խաչատրյանի դեմ մահոփորձի գործ ձևակերպումը Ալումյանը ուղղում է, ասելով, որ խոսքը Սուրիկ խաչատրյանի ավտոմեքենայի վրա կրակոցների գործի մասին է: Պաշտպանը չի բացառում մահափորձի իմիտացիան կամ նմանակումը: Սա, ի դեպ, որպես վարկած քննության է առնվել նաև նախաքննական մարմնի կողմից, Ալումյանի կարծիքով՝ մակերեսորեն: «Այսօր ես չեմ տեսնում փաստեր, որոնք լիարժեքորեն կհերքեն իմիտացիայի վարկածը»:
Գործը չի կարճվել, երկու անձ մեղադրվում է սպանության փորձի մեջ և այդ մասով գործը գնալու է դատարան: Թե այն ինչ դատական ընթացք կունենա, Ալումյանն ասում է՝ իրենց արդեն չի հետաքրքում: Արա Բուդաղյանի ազատմամբ այս գործը ավարտված են համարում, փոխարենը ավարտված չեն համարում այն գործը, որից, Ալումյանն ասում է, սկսվել են Բուդաղյանների ընտանիքի պրոբլեմները:
Խոսքը 2013 հունիսի 1-ի զինված միջադեպի մասին է , երբ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտակայքում սպանվեց Բուդաղյանների ավագ որդին՝ Ավետիք Բուդաղյանը և մարմնական վնասվածք ստացավ Արտակ Բուդաղյանը:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Արտակ Բուդաղյանը մեղավոր ճանաչվեց սպանության սպառնալիքի մեղադրանքով , նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվեց տուգանք 120 հազար դրամի չափով, բայց դատարանի մեկ այլ որոշմամբ Բուդաղյանը համաներմամբ ազատվել էր նշանակված պատիժը կրելուց:
Նրա պաշտպանը վերաքննիչ բողոք ներկայացրեց ՝ պահանջելով բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և արդարացնել Արտակ Բուդաղյանին: Վերաքննիչը , սակայն, ուժի մեջ թողեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից անցած տարի օգոստոսին կայացված մեղադրական դատավճիռը: «Մենք երբեք չենք դադարեցրել քրեական այդ գործով պայքարը և չենք դադարեցնի, քանի դեռ պատասխանատվության չեն ենթարկվել Արտակ Բուդաղյանի սպանության մեջ մեղավորները»:




