

Լույս է տեսել Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծառայության ավագ մեկնաբան, հեռուստալրագրող, քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Աբրահամ Գասպարյանի «Ներքաղաքական գործընթացների իրողությունները Մերձավոր Արևելքում» աշխատությունը: Ժողովածուն ընդգրկում է Մերձավոր Արևելքի պետությունների ներքաղաքական գործընթացների, տարածաշրջանի վրա միջազգային դերակատարների ազդեցության, քաղաքական հովանավորչության, իսլամի քաղաքականացման վերաբերյալ թեմատիկ դասախոսություններ: Աշխատությունը վերահրատարակվել է Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:
Հեռուստալրագրող Աբրահամ Գասպարյանի «Ներքաղաքական գործընթացների իրողությունները Մերձավոր Արևելքում» աշխատությունն ընդգրկում է Մերձավոր Արևելքի քաղաքական պատմությունը հետգաղութային շրջանից մինչև 21-րդ դարի առաջին տասնամյակը: Հեղինակը սահմանափակվել է այս ժամանակահատվածով, քանի որ 2011-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների ու զարգացումների վերաբերյալ օբյեկտիվ գնահատական տալու համար փաստական ու գիտական նյութի պակաս կա:
Արևելագիտության դպրոցը Հայաստանում միշտ էլ զարգացած է եղել, սակայն հետխորհրդային շրջանում սերունդների փոփոխությունը լուրջ խնդիրներ առաջացրեց։ Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Աբրահամ Գասպարյանի այս աշխատությունն այդ բացը լրացնում է:
Տարածաշրջանը, որին անդրադարձել է հեղինակը, այսօր համաշխարհային իրադարձությունների կիզակետում է: Իրադարձություններ, որոնք չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ նաև մեզ վրա՝ նկատում է պատմական գիտությունների թեկնածու Արամ Անանյանը:
Իր հերթին անդրադառնալով աշխատությանն ու հեղինակին՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը նկատեց, որ Հանրային հեռուստաընկերությունը հաջողակ է հենց այն մարդկանցով, ովքեր հանրայինը հանրային են դարձնում: Բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են քաղաքական իրադարձություններով, Մարգարիտա Գրիգորյանը խորհուրդ է տալիս անպայման կարդալ այս գիրքը:
Չափազանց հաջողված և կարևորը՝ գիտական փաստերի վրա հիմնված աշխատություն է, ասում է «Առաջին լրատվական» վերլուծական հաղորդումների տնօրեն Գևորգ Ալթունյանը:
Նշենք, որ աշխատությունը նախատեսված է միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության, դիվանագիտության ու արևելագիտության բաժինների ուսանողների, փորձագետների և մերձավորարևելյան ուսումնասիրություններով հետաքրքրվողների համար:




