Քաղաքական

2017-ի բյուջեի առաջնահերթությունը տրվելու է ռազմական բաղադրիչին

lenabadeyan

Հակաօդային պաշտպանության հայ-ռուսական համաձայնագիրի վավերացման հարցը թեեւ ԱԺ օրակարգում չէ, բայց հարցը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում: Ի վերջո, կան անհանգստություններ եւ չպարզաբանված հարցեր՝ այս պայմանագրով Հայաստանը զրկվո՞ւմ է իր սուվերենությունից, թե՞ ինչ որ նոր հնարավորություն է ձեռքբերում: Թեեւ հարցն արդեն քննարկվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում եւ դրական եզրակացություն է ստացել, բայց օրակարգ չի ընդգրկվում «ոչ մի տեղ չշտապելու» հիմնավորմամբ: Հիշեցնենք, որ նույն համաձայնագիրը ՌԴ օրենսդիր մարմինը քննարկելու է այս ամիս:

 

Հակաօդային պաշտպանության հայ-ռուսական համաձայնագիրը քննադատողները եզրակացություններ են անում անտեղյակությունից եւ չկամությունից ելնելով: Վտանգավոր միտումը, թե Հայաստանը սպասելու է Ռուսաստանի հրահանգներին եւ կախվածության մեջ է ընկնելու այլ պետությունից, իրականում փաստաթղթում չկա՝ ասում է Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

«Պայմանագրում հստակ նշված է, որ դրա հրամանը՝ որեւէ խնդրի դեպքում, տալիս է ՀՕՊ վարչության պետը գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնությամբ: Վերջ, ուրիշ խնդիր մենք չունենք, որ որեւէ մեկը կառավարի: Փաստաթուղթ կա, պետք է փաստաթղթի շուրջ խոսել: Ընդամենը մեկ հստակ բան է ասում, եթե մենք այսօր որոշում կայացնելու համար մեր ունեցած ՀՕՊ միջոցներով ունենում ենք 50 վայրկյան, ապա այս պարագայում, երբ այս համաձայնագիրը վավերացվի մենք կունենանք 10 վայրկյան»:

Նույնիսկ այս հիմնավորումը բավարար չէ ՀՕՊ համաձայնագրից դժգոհող Պարույր Հայրիկյանի համար: ԱԻՄ առաջնորդը երեկ էլ էր ԱԺ շենքի մոտ բողոքում համաձայնագրից: Ներկայացված հիմնավորումը չի կարեւորում, քանի որ ավելի խորքային խնդիր է տեսնում համաձայնագրում:

«Ես մանրուքների մեջ չճեմ խորանա՝ ով պետք է հրամանը տա: Որեւէ ռազմական դաշինք միշտ ունենում է հակառակորդներ: Ո՞վ է համարվում այսօր Ռուսաստանի հիմնական հակառակորդը: ՆԱՏՕ-ն նախասիրության հարց չէ, ՆԱՏՕ-ն ունի սկզբունքներ, որոնց հիման վրա առաջ է գնացել: ՆԱՏՕ-ն հստակ որոշում կայացրեց, որ ՆԱՏՕ-ի որեւէ անդամ պետություն իրացունք չունի որեւէ պետության պատերազմ հայտարարել: Այսինքն՝ ՆԱՏՕ-ն ժամանակակից քաղաքակրթության հենարանն ու երաշխավորն է»։

Մեկ այլ դաշինք այս դեպքում հիշում է պատգամավոր Զարուհի Փոստանջայնը: «Մենք չպետք է թողնենք մեր պաշտպանությունը այլ պետության ցանկությունների տիրույթում: Մենք ՀԱՊԿ անդամ ենք, մինչդեռ ռմբակոծում են Տավուշի շրջանը։ Անցյալ տարի այդ շրջանում մենք ունեցանք զոհեր խաղաղ բնակչությունից եւ այստեղ որեւէ արձագանք չեղավ ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից: Մեր օդային տարածքը Թուրքիայի կողմից խախտվեց, ուղղաթիռները թռան եւ որեւէ արձագանք չեղավ: Հինգ միլիարդից ավելի հարձակողական զենք մատակարարելը Ադրբեջանին արդեն խախտել է այն հավասարակշռությունը,  որը գոյություն ուներ։ Նաեւ Հայաստանին դեռ չի մատակարարվել 200 միլիոն դոլարի վարկի դիմաց նախատեսված զենքը»,- ասում է պատգամավորը։

«Ռադիոլուրի» հարցին պատասխանելով Փոստանջյանը նշեց, թե չի կարծում, որ ՀՕՊ համաձայնագրի վավերացումը «այն գինն է», որից հետո զենքն ի վերջո տեղ կհասնի: Ավելի շուտ, ըստ Զարուհի Փոստանջյանի, այս պահին Ռուսաստանը ինչ-ինչ պատճառներով հապաղում է եւ չի պարտադրում, ուստի դա է՝ համաձայնագրի վավերացման հարցն ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում չընդգրկելու պատճառը:

ՀՕՊ համաձայնագրից որոշակի մտավախություններ ունեցել է նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Ասում է՝ ապրիլյան ռազմական գործողություններից անշուշտ հետեւություններ անել պետք է: Քաղաքական գործչին հուսադրում է հիմնավորումը, թե ՀՕՊ համաձայնագրով Հայաստանը կախվածության մեջ չի ընկնելու այլ պետությունից:

«Հակաօդային պաշտպանության համակարգը համար մեկ անհրաժեշտ համակարգն է: Ինչ վերաբերում է՝ ում ենք տալիս իրավունքը եւ այլն, դա արդեն պայմանագրի գործն է: Եթե պայմանագրում հստակ գրված է, որ մենք ենք որոշում մեր ՀՕՊ խնդիրները, դե ուրեմն էլ ինչ մտավախություն»:

Ապրիլյան դեպքերից դասեր քաղելու թեման շարունակելով՝ փաստենք, որ կառավարությունը չի պատրաստվում վերանայել այս տարվա պետական բյուջեն, թեեւ այն ընդունվել է այլ իրողությունների պայմաններում։ Այսօր հստակորեն փոխվել են առաջնահերթություններն ու որոշ ծախսերի մասով տեղի են ունենում կրճատումներ: Փաստենք նաեւ, որ եթե 2015-ին պաշտպանության ոլորտին պետբյուջեից հատկացվել էր 207 միլիարդ դրամ, ապա այս տարվա համար հատկացվել է ավելի քիչ՝ 201 միլիարդ:

Հանրապետական կուսակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը «Ռադիոլուրին» ասաց, որ հատկապես ռազմական ոլորտում վերանայումների անհրաժեշտություն այս պահին չկա: Բայց եւ խոստովանեց՝ ապրիլյան դեպքերից հետո տարատեսակ բաց եւ փակ հանդիպումներից ու քննարկումներից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2017-ի բյուջեի առաջնահերթությունը տալու են ռազմական բաղադրիչին:

Back to top button