

Անսպասելի՞ էր արդյոք Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման առիթով Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի զարմանքը, արդյոք հայտարարությունը պաշտոնական արձագանք պահանջո՞ւմ է, թե՞ ոչ: Հարցերը հստակ պատասխաններ դեռ չունեն, բայց շարունակում են տարբեր մեկնաբանություններ ստանալ: Թեմային այսօր անդրադարձել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ ՀՀԿ-ում մտածում են Նժդեհի գործունեությանը վերաբերող նյութեր պատրաստելու և դրանք ռուս գործընկերներին տրամադրելու մասին, քանի որ կարծում են, որ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը Նժդեհի գործունեությանը լիարժեք ծանթ չլինելու արդյունք է: Հարցի մասին փոքր-ինչ այլ դիրքորոշում ունի ՀՀԿ խմբակցության անդամ, բայց ոչ հանրապետական Արտաշես Գեղամյանը : Նա այսօր հրաժարվել է մեկնաբանություններ տալ, ընդգծելով միայն որ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունները նման լուրջ վերաբերմունքի արժանի չեն:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրարյանի կարծիքով՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե Մոսկվան զարմացած է Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման առիթով, վկայում է, որ նա ծանոթ չէ Նժդեհի գործունեությանը: «Մենք հորդորել ենք, որ նրանք ավելի մանրամասն ուսումնասիրեն Նժդեհի կենսագրությունը. ով է Նժդեհը հայ ժողովրդի համար եւ չեմ ուզում նորից օրինակներ բերել, թե ինչու Ռոսաստանը Կոլչակին կամ մյուսներին այդպես հերոսացրեց եւ այլն: Դրա համար մենք հորդորել ենք եւ մենք արդեն նյութերը պատրաստել ենք, որպեսզի մեր ռուս առանձին գործընկերներն ավելի մանրամասն ծանոթանան Նժդեհի կենսագրությանը եւ հասկանան՝ Նժդեհի կարեւորությունը ինչքան է եղել հայ ժողովրդի համար»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հիշեցնենք, հայտարարել էր, թե «Մոսկվան զարմացած է Երեւանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման առիթով»:
Մինչ քննարկվում է հարցը, թե Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունն արդյո՞ք պաշտոնական արձագանք պահանջում են, ոչ պաշտոնական մեկնաբանություններ են հնչում:
Հայտարարությանը ֆեյսբուքյան գրառումով էր անդրադարձել Հայաստանի արտգործնախարարության խոսնակը: Տիգրան Բալայանը, սակայն, արձագանքել էր ոչ թե ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությանը, այլ՝ Նժդեհի արձանի տեղադրամանը հաջորդած ադրբեջանական արձագանքներին:
«Առաջին Հանրապետության ժամանակաշրջանում Նժդեհը երկրի բնակչությունը պաշտպանեց այդ տարիներին առաջին անգամ աշխարհի քարտեզի վրա ի հայտ եկած Ադրբեջան պետության զինված խմբավորումների ոտնձգություններից, ինչպես նաև կազմակերպեց Հայաստանի ու Լեռնահայաստանի` Զանգեզուրի պաշտպանությունը: Որևէ անհասկանալի բան չկա, թե ինչու է Ադրբեջանում Նժդեհի արձանի տեղադրումը առաջացնում պատվիրված հոդվածների հերթական փոթորիկը»,- ֆեյսբուքում գրել էր Տիգրան Բալայանը:
Գարեգին Նժդեհի անվան հրապարակներ, Մետրոյի կայարան, Նժդեհի այլ արձաններ եղել են ու կլինեն՝ այսպես արդեն Զախարովային արձագանքել էր Հանրապետական կուսակցության խոսնակ և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Գարեգին Նժդեհն այն մեծագույն ազգային գործիչն է, որի շնորհիվ այսօր Լեռնահայաստանը՝ Սյունիքը, գտնվում է Հայաստանի կազմում և Նախիջևանի նման հայաթափ չի արվել՝ ասել էր Շարմազանովն ու նշել, որ իր կողմից ևս նյութեր են պատրաստվել և ուղարկվել ռուս պաշտոնյային:
«Գարեգին Նժդեհի գործունեությունը պայմանավորված չի եղել ինչ-որ մեկի դեմ պայքարով, այլ պայմանավորված է եղել Հայաստանի փրկությամբ, Հայաստանի ազատագրմամբ և հայ ժողովրդի փրկությամբ»:
ՀՀԿ-ական գործիչներչից տարբերվող դիրքորոշմամբ մեզ հետ զրուցեց Հանրապետական խմբակցության անդամ, բայց ոչ այդ կուսակցության անդամ Արտաշես Գեղամյանը: Նա, մի կողմից, կարծում է, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը կարճ մեկնաբանության նյութ չէ, մյուս կողմից էլ համոզված է, որ ճիշտ չէ այդ հայտարարությանը մեծ կարևորություն տալը: «ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարության արձագանքը ուզում եք պատգամավորի՞ց լսել: Կարիք չկա այդքան կարևորության տալ ու խոսնակի հայտարարության մեկնաբանություն ստանալ պատգամավորից»:
Արտաշես Գեղամյանն ասում է՝ սիրով կմեկնաբաներ հայտարարությունը, եթե այն հնչած լիներ Պետդումայի կամ Դածնային խորհրդր որևէ ն երկայացուցչի կողմից:




