

Միջազգային աստղադիտական միության կողմից տարածաշրջանային աստղագիտական կենտրոն ճանաչվելը Հայաստանին նոր հնարավորություններ է տալիս: Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանն այսօր տեղեկացրել է` կենտրոնին Վրաստանից ու Իրանից բացի միացել է նաեւ Ղազախստանը: Թուրքիայի միանալու հարցը եւս դրված է: Երկնաքարերը սանձելուց մինչեւ աստղային երեւույթների ազդեցություն մարդու վրա. Միքայելյանը ուսումնասիրությունների ամենալայն շրջանակն է մատնանշել` շեշտելով` այս ամենը աստղագուշակության հետ որեւէ աղերս չունի:
Բյուրականի աստղադիտարանը մի շարք խոշոր գիտական ծրագրեր է իրականացնում։ Սրանք նոր թափ ստացան, երբ Միջազգային աստղադիտական միությունն անցյալ հունիսին Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը ճանաչեց լավագույնը տարածաշրջանային աստղադիտական կենտրոնի տեղակայման համար: Այս կենտրոնի տնօրեն, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը շեշտում է` նոր կառույցը դարձել է աստղադիտարանի կառուցվածքային միավորը։
«Դրա գործառույթն է համակարգել տարածաշրջանի երկրների ողջ աստղագիտության զարգացումը: Հայաստանը, որպես աստղագիտության ոլորտի առաջատար, մեր տարածաշրջանի կենտրոնն է: Մեր երկիրն այս կարգավիճակում մնալու է մինչև 2021 թ.»։
Տարածաշրջանի աստղադիտական կենտրոն դառնալուն հավակնել է մոտ մեկ տասնյակ երկիր, այդ թվում` ԱՄԷ, Թուրքիա, Ադրբեջան: Ամեն մեկը ներկայացրել է իր ծրագիրն ու ֆինանսական ներդրումների հնարավորությունները: Ծրագիր ունեցել է նաեւ Հայաստանը, բայց ներդրման խոստում` ոչ՝ մանրամասնում է Միքայելյանը: «Հետաքրքիր է, որ Հայաստանը պաշտոնապես ոչ մի լումայի ներդրման խոստում չէր տվել, այնուամենայնիվ շահեց: Այս ընտրությունը մեզ համար պատվի հարց էր»։
Նոր ու նորացված ծրագրերը հին ու արմատավորված խնդիրների կողքին են: Ոլորտում կադրերն ու սարքավորումները հնությամբ միմյանց չեն զիջում: Պետական ֆինանսավորումը վերջին 3 տարում եռապատկվել է, աշխատավարձերը տեղից շարժվել են, բայց դա էլ է քիչ: Իսկ կրթություն-գիտություն կապն այս դեպքում այդպես էլ չի կայանում:
«Որպես կանոն` ամեն տարի մի քանի աստղագետ է «թողարկվում» ֆիզիկայի ֆակուլտետում, բայց որ հարցնում ես, ասում են` մենք ոչ էլ ուզում ենք աստղագետ դառնալ, ուղղակի այդ ամբիոնն ընտրեցինք»:
Հայ աստղագետներն այսօր «Ռոսկոսմոսի» հետ համատեղ ուսումնասիրում են տիեզերական մնացորդային մասնիկները, որոնք տիեզերանավերի, հրթիռների համար վտանգավոր են: Դիտողական կայաններից մեկն էլ Բյուրականում է:
Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանի դիտակետում կան մի շարք հետազոտություններ, որոնց անհրաժեշտությունը մասնագետը բացատրում է հասարակության անվտանգությամբ եւ հետաքրքրությամբ: Փաստ է, որ աստղային երեւույթները` Արեգակի ակտիվությունն ու բռնկումները, Լուսնի փուլերը, մակընթացություններն ու տեղատվությունները հզոր ազդեցություն ունեն մարդու առողջության վրա:
Որքան որ լուրջ է աստղային երեւույթների ազդեցությունը, նույնքան անհեթեթ են աստղային գուշակություններն ու տարատեսակ հորոսկոպները, որոնք «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն այսպես է բնորոշում, «Դա ցավ է, ընդհանուր ցավ: Նման բաներին հավատալը քաղքենիություն էլ է, տգիտություն էլ, հետամնացություն էլ է: Որ մեկն ասեմ»։
Այս խնդրի հիմքում եւս Արմեն Պողոսյանը տեսնում է մեր ուսումնական ծրագրերի թերությունները: Հարսանիքն ըստ աստղագուշակության ծրագրելը կամ սեփական հարաբերություններում հորոսկոպներով առաջնորդվելն իր հերթին անհեթեթ համարելով` Արեգ Միքայելյանը շեշտում է` շատ երեւույթներ կան, որոնք ուսումնասիրելն իրոք արդի է ու կարեւոր: Օրինակ` տիեզերական աղետները` իրականում խիստ վտանգավոր երեւույթներ: Չելյաբինսկում, ԱՄՆ-ում երկնաքարեր ընկնելու վերջին դեպքերն են փաստում ասվածը:
Փոքր երկնաքարերի հետ Երկրի բախումները շեղելու, այս քարերը փշրելու տեխնիկական հնարավորություններն այսօր կան՝ ասում է Արեգ Միքայելյանը, իսկ Երկրագնդին շատ խոշոր ճակատային բախումները կանխել-սանձելուց մարդը դեռ հեռու է: Ի դեպ` հենց տիեզերական աղետներն են Երկրի ու մարդկության կործանման սցենարի հիմքում, եւ աստղագետներն արդեն ամենայն լրջությամբ մտածում են նման ռիսկի դեպքում մարդկանց Երկրագնդից տարհանման հնարավորության մասին, ինչպես գիտաֆանտաստիկ ֆիլմերում:




