

ՀՀ Սփյուռքի նախարարությունն այսօր ազդարարեց արդեն 7 տարի կազմակերպվող «Արի տուն» ծրագրի առաջին փուլի մեկնարկը։ Առաջին փուլին մասնակցում են 42 պատանիներ ՌԴ-ից, Բելառուսից, Թուրքմենստանից, ԱՄՆ-ից: Այս տարվա ծրագրում ընդգրկված են նաև Հայաստանում ապաստանած սիրիահայ դպրոցականները:
Սփյուռքահայ երիտասարդների հսարենաճանաչությանն ուղղված «Արի տուն» ծրագիրը մեկնարկեց: 7 տարիների պատմություն կերտած ծրագրի շրջանակներում Հայաստանում հյուրընկալվել են շուրջ 6000 երիտասարդներ աշխարհի 43 երկրներից: Ծրագիրը արիտունցիներին մայրենին ուսանելու, պատմական Հայաստանի հարուստ մշակույթին ու պատմությանը հայրենիքում ծանոթանալու լավագույն հնարավորությունն է ընձեռում։
12-ամյա Ագապի Տեր-Ավետիսյանը Ռիգայից է: Հայրենիքի օդն ու ջուրը վայելելու հնարավորություն աղջնակն ամեն տարի ունենում է, սակայն այս անգամ հայրենիքն առավել լավ ճանաչելու համար որոշել է այցելել ծրագրի շրջանակներում:
Այս տարի մասնակցում են նաև Հայաստանում ապաստանած սիրիահայերը: Ծրագրի այս փուլին մասնակցում են 20 սիրիահայ դպրոցականներ: 13-ամյա Փացիլ Գլխիկյանը Հալեպից տեղափոխվել է դեռ երկու տարի առաջ: Սիրիական պատերազմի արհավիրքները Փացիլի մտապատկերից դեռ չեն ջնջվել, սակայն Հալեպ վերադառնալու ցանկությունը մեծ է: Երկու տարիների ընթացքում աղջնակը Հայաստանի տեսարժան վայրերին հասցրել է ծանոթանալ, ծրագրում էլ ընդգրկվել է ընկերների շրջանակը մեծացնելու նպատակով:
Ծրագրի առաջին մասնակիցներին ողջունեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Նա վստահեցրեց, որ Հայաստանում անցկացվող 14 օրերն անջնջելի կլինեն նրանց մտապատկերից:
«Արի տունն» իր բնույթով գրավում ու հետաքրքրում է սփյուռքահայ երիտասարդներին՝ հավելեց Սփյուռքի նախարարն ու նշեց՝ շատերն են այս այցից հետո ցանկություն հայտնում ևս մեկ անգամ այցելել Հայաստան:




