

2017թ հունվարի 1- ից Հայաստանի ջրամատակարարման համակարգում ներկայիս հինգ ընկերությունների փոխարեն գործելու է մեկ միասնական օպերատոր: Միասնական օպերատորը, ըստ պատասխանատուների, բացի միանման ծառայություններից, նաև միասնական սակագին կսահմանի:
Հայաստանի մարզերի և Երևանի ջրամատակարարմամբ ներկայումս զբաղվում են հինգ ընկերություններ, «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ ջրմուղկոյուղի», «Լոռի ջրմուղկոյուղի» և «Նոր ակունք» ՓԲԸ-ները: Եվ յուրաքանչյուր օպերատոր առաջարկել է իր սակագինը: Ամենաթանկ ջրամատակարում իրականացնում է «Նոր ակունքը»՝ 203 դրամ ամենացածրը՝ «ԵրևանՋուրը»` 171 դրամ: Այս հինգ օպերատորների հետ պետությունը իրականցնում է կառավարման երկու մոդել։
Միայն «ԵրևանՋուրն» է, որ աշխատում է վարձակալական հիմունքներով։ Այսինքն՝ ընկերությունը գումար է վճարում ու ծառայություններ մատուցում, իսկ մյուս 4- ի պարագայում պետությունն է գումար վճարում կառավարում իրականցնելու ու ծառայություններ մատուցելու համար: Այս պարագայում նման կառավարումն արդարացված չէ: «Ռադիոլուրի» հետ զրույցում Ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը նշում է,որ այս կառավարման մոդելի ոչ արդյունավետ կառավարումը հանգեցրեց նրան, որ 2017 թ խմելու ջրի և ջրամատակարարման համակարգերը կունենան մեկ միասնական օպերատոր:
Արդեն մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել չորս հեղինակավոր կազմակերպություններ՝ ֆրանսիական «Վեոլիան» և «Սաուռոն», իտալական «Աչորան», ինչպես նաև գերմանական երեք և մեկ տեղական կազմակերպությունից բաղկացած կոնսորցիումը: Այս ընկերությունները անցել են արդեն նախաորակավորման փուլը:
Մատակարարող ընկերությունները պետք է միավորվեն մեկ միասնական օպերատորի շուրջ, որը 15 տարի ժամկետով վարձակալելու է Հայաստանի ջրամատակարարման համակարգերը:Մրցույթային կարգով ընտրված կազմակերպությունն էլ պետք է այդ տարիների ընթացքում կատարի 37 մլրդ դրամի ներդրում։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` մեր երկրում շուրջ 570 բնակավայրեր ընդգրկված չեն կենտրոնական ջրամատակարարման սպասարկման տարածքներում: Ավելի պարզ` այս տարածքներում խմելու ջրագծեր չկան, մարդիկ կամ դույլով ջուր են կրում գյուղում գտնվող ասենք, միակ աղբյուրից կամ տակառներով ջուր են գնում: Մեկ միասնական օպերատոր ունենալու դեպքում ջրամատարկարման համակարգի մաս կկազմեն նաև այս 570 համայնքները ու ջուրը այս բնակիչների համար այլևս ճոխություն չի համարվի:




