

Եթե օրենքով արգելվում է դիմապակիների թաղանթապատումը, ապա խախտում պետք է համարվի նաև գործարանային մգեցում ունեցող մեքենաների շահագործումը, անդրադառնալով տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության հարցին, ասել է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ է դեմ մեքենաների ապակիների մգեցվածությանը: Թաղանթապատված լինի, թե գործարանային մգեցված՝ այն խոչընդոտում է անվտանգ երթևեկությանը՝ ասել է Չիլինգարյանը: Բանախոսներն անդրադարձել են նաև մարտի 1-ից գործող համաձայնեցված հայտարարագրի նոր ձևին, ըստ որի՝ թեթև վթարի դեպքում վարորդները կարող են այլևս չսպասել ապահովագրական ընկերության աշխատակցին:
Երբ մարտի 1-ին ընդունվեց համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը, ըստ որի՝ Ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդները կարող էին այլևս չսպասել ապահովագրական ընկերության աշխատակցին, ենթադրվում էր, որ որոշման արդյունքում խցանումներն զգալիորեն կնվազեն: Առաջընթաց իհարկե կա, բայց այն չէ, ինչ սպասում էինք՝ նկատեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ առաջարկվել է այդ շեմը բարձրացնել մինչև 100.000 դրամ։
Իր հերթին ողջունելով կառավարության այս նախաձեռնությունը՝ Էդուարդ Հովհաննիսյանը նկատում է՝ այն առաջին հերթին բխում է վթարի մասնակից վարորդների, ապա՝ երթևեկության մյուս մասնակիցների շահերից:
Եթե կառավարության այս նախաձեռնությունը բխում է վարորդների շահերից, ապա տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության հարցում Էդուարդ Հովհաննիսյանը ակնհայտ խտրականություն է նկատում: Ավտովարորդների իրավապաշտպանը չի հասկանում, թե որն է թաղանթապատված և գործարանային մգեցվածություն ունեցող ապակիների տարբերությունը: Եթե մի դեպքում համարում են խախտում, ապա գործարանային մգեցվածությամբ մեքենաների շահագործումը ևս պետք է արգելվի՝ ասում է:
Եթե էդուարդ Հովհաննսիյանը կողմ է թույլատրելիի սահմաններում մեքենաների ապակիների մգեցվածությանը, ապա Կարեն Չիլինգարյանը մգեցվածությանն ընդհանրապես դեմ է՝ լինի այն գործարանային, թե թաղանթապատված:
Անգամ եթե ձեր մեքենան թաղանթապատված է, որևէ ճանապարհային ոստիկան իրավունք չունի այն տեղափոխել տուգանային հրապարակ՛ զգուշացնում է Էդուարդ Հովհաննիսյանը:
Նախ պետք է համապատասխան սարքով չափվի մեքենայի լուսաթափանցելիությունը և միայն անհամապատասխանության դեպքում վարորդին ժամանակ հատկացվի, որպեսզի ինքն անձամբ տանի և թաղանթապատումը համապատասխանեցնի օրենքով սահմանված կարգին:




