ԿարևորՎերլուծականՔաղաքական

Բունդեսթագի բանաձեւի քաղաքական, բարոյական եւ հոգեբանական հետեւանքները

karenghazaryan

Գերմանիայի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ընդունած բանաձեւը շատերի կարծիքով բեկումնային նշանակություն ունեցող փաստաթուղթ է: Ոմանց համոզմամբ՝ այն միջազգային ճանաչման հարցում նոր դռներ է բացում եւ կարեւորվում է տարբեր տեսանկյուններից:  Փորձագետներից ոմանք բանաձեւը գնահատում են որպես հոգեբանական եւ բարոյական տեսանկյունից  լուրջ հարված թուրքական կողմին, որը զրկվում է ժխտողականության դաշտում մանեւրելու հնարավորությունից, քանի որ ԵՄ առանցքային դերակատար եւ շարժիչ երկիր հանդիսացող Գերմանիան, ըստ էության, փակեց մեղսակցության շղթան: Ինչպիսի՞ն պետք է լինեն մեր հետագա քայլերը՝ կարծիքները տարբեր են: Ոմանց գնահատմամբ՝ այդ տարակարծությունների մեջ էլ պոտենցիալ կա, որը պետք է օգտագործել, իսկ այդ ամենը պետք է երեւա մեր արտաքին քաղաքականության մեջ:

 

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը ծանրակշիռ փաստաթուղթ է, չնայած՝ դրա արդյունքները միանգամից չէ, որ կարող ենք զգալ՝ կարծում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: «Փաստացի ականատես եղանք՝ ինչպես Հայոց ցեղասպանության մեղավորներից մեկն առաջին անգամ ճանաչեց իր մեղքը»:

Գերմանիան այսպիսով տրամաբանություն եւ քաղաքականություն փոխեց, ուստի, ըստ նա, այս ամենակարեւոր մեկնակետից ելնելով մենք մեր հետագա քայլերը պետք է կառուցենք:

Գերմանական արխիվներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր ուսումնասիրած պատմաբան Աշոտ Հայրունիի խոսքով, սակայն, բանաձեւի ընդունմամբ թուրք-գերմանական հարաբերությունները փոփոխություններ չեն կրի, սակայն այն թուրքական հասարակության վրա շատ ավելի մեծ ազդեցություն կգործի, քան այլ երկրների պարագայում է եղել: «Այս բանաձեւն ընդունվել է բարեկամ պետության կողմից, որին թուրք հասարակությունը Արեւմուտքում թերեւս ամենամեծ բարեկամն է համարել»,- ասաց։

Փորձագետներն առանձնացնում են հատկապես այն փաստը, որ բանաձեւն ընդունվել է Օսմանյան պետության թիվ մեկ դաշնակցի կողմից եւ բանաձեւում հստակ ամրագրված է Գերմանիայի մեղսակցությունը: Այսինքն, դա նշանակում է, որ մեղքն այլեւս անվիճարկելի եւ անքննարկելի է դառնում, լիովին խարխլվում են թուրքական ժխտողականության հիմքերը: Կարեւոր հանգամանքներից մեկն էլ, ըստ Աշոտ Հայրունու, այն է, որ բանաձեւը հնարավորություն է տալիս խոսելու նաեւ փոխհատուցման մասին: «Եթե ընդունված է պատմական մեղքը, դրա հետեւանքները, եթե դա գնահատված է ինչպես հարկն է, ապա փոխհատուցման խնդիրն անմիջականորեն ածանցվում է սրանից»:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմայանի խոսքով՝ բանաձեւը կոնկրետ հետեւանք չի բերում, սակայն, այն բավականին լուրջ եւ ծանրակշիռ ներդրում է դեպի իրավական փաթեթը։ «Այսինքն՝ եւս մեկ հղում ճանաչմանը, որտեղ ոչ թե ասվում է, որ թուրքերն են իրագործել ցեղասպանությունը, այլ նշվում է, որ Գերմանիան մեղսակից է»։

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի գնահատմամբ՝ Գերմանիան այդ քայլով նպաստեց Եվրոպայի վերածնմանը, եվրոպական արժեքների վերահաստատմանը: Դա բանախոսը համարեց ժամանակակից կարեւոր մշակութային, քաղաքակրթական քննություն, ինչը պետք է հանձնի ամբողջ Եվրոպան: Առավել եւս, որ որոշումը Եվրոպայի կարեւոր մարտահրավերներին արձագանքներից մեկն էր։ «Բնականաբար, այն խթան է հանդիսանալու նաեւ այլ երկրների կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացում»:

Ինչ պետք է անենք մենք՝ ունենալով նման որոշում: Կարծիքները տարբեր են: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի համոզմամբ, օրինակ, այսօր շատ բարենպաստ պահ է եւ պետք է կարողանալ օգտվել ներկայիս աշխարհաքաղաքական իրադարձություններից, որոնց մեջ, նրա գնահատմամբ, մեր դիվանագիտությունը ոչ մի մասնակցություն չունի:

Միաժամանակ, ըստ նրա, աշխարհաքաղաքական զարգացումներում Հայաստանն այսօր չպետք է ակտիվություն ցուցաբերի: «Հիմա սկսվել է Եվրոպա-Թուրքիա-Ռուսաստան եռանկյունու գլոբալ բախումը, որից մենք կարող ենք քաղել առավելագույն օգուտներ, եթե որեւէ մեկի կողմը չբռնենք»:

Պետք է սպասել հետագա զարգացումներին, որովհետև, ըստ Անուշ Սեդրակյանի, այս պահին Թուրքիան կորցնում է իր դիրքերը Արևմուտքում. Գերմանիան այլևս ցանկանում է զրկել Թուրքիային տարածաշրջանային հեգեմոն լինելու հնարավորությունից։ Ոմանք կարծում են, որ որ հետագա քայլերի մասին այս տարակարծությունների մեջ նույնպես կա պոտենցիալ, ինչը պետք է օգտագործել, իսկ բոլոր հանգամանքները պետք է արդեն է՛լ ավելի ակնառու եւ իրատեսական դառնան մեր արտաքին քաղաքականության մեջ:

Back to top button