Քաղաքական

Արցախի նախագահի պատվին Մեխելենի քաղաքապետարանում ընդունելություն է կազմակերպվել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին այցելել է Բելգիայի Մեխելեն քաղաք: Նախագահը հանդիպել է քաղաքապետ Բարտ Զոմերսի, փոխքաղաքապետ Մարկ Հենդրիքսի եւ մի շարք պաշտոնյաների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մեխելենի եւ Արցախի փոխգործակցությանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ արցախյան եւ տարբեր երկրների քաղաքների ու շրջանների միջեւ կապերի հաստատումն ու զարգացումը հանդիսանում է երկկողմ համագործակցության առանցքային ուղղություններից մեկը,հատկապես՝ տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ մարդասիրական ոլորտներում:

Նախագահի պատվին Մեխելենի քաղաքապետարանում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն, որին մասնակցում էին նաեւ մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նույն օրը Նախագահն այցելել է Մեխելեն քաղաքում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված  խաչքար-հուշարձան եւ  ծաղկեպսակ դրել այնտեղ:

Բակո Սահակյանը կարեւորել է նման հուշարձանների առկայությունը տարբեր երկրներում՝ նշելով դրանց դերակատարությունը  հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ անմեղ զոհերի հիշատակը հավերժացնելու տեսանկյուններից:

Back to top button