
տեղադրվել է ժամը 11։27- ին
վերջին լրացումը ժամը 17։47- ին

Հերթական հինգշաբթին՝ կառավարությունում: Գործադիրի այսօրվա նիստի օրակրագում ընդգրկված էր 37 հարց: Այսօր էլ գերիշխողը սոցիալական ուղղվածություն ունեցող նախագծերն էին: Բացի այդ, կառավարությունը հաստատել է Ստանդարտների մշակման ծառայությունների 2016թ. ծրագիրը, հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016թ. փետրվարի 23-ին ստորագրված «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» 55 մլն դոլարանոց վարկային համաձայնագրին: Ծրագրի նպատակն է բարելավել ենթակառուցվածքային ծառայությունները և ինստիտուցիոնալ կարողությունները։ Կառավարության առաջարկով հունիսի 13-ին ժամը 12-ին ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարվի:
Գերատեսչություններին ամրացված տրանսպորտային միջոցների կրճատման քաղաքականությունը շարունակվում է՝ կառավարության որոշումներով ԱԺ-ից 24 միավոր տրանսպորտային միջոց ամրացվեց պետգույքի կառավարման վարչությանը: Նույն ճակատագրին արժանացան ևս 26 միավոր առողջապահության նախարարությունից և 15 տրանսպորտային միավոր՝ կառավարության աշխատակազմից: Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ նախկինում 9 մենքենա արդեն կրճատվել էր:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կառավարությունն առաջինը կրճատում է ծառայողական մեքենաների հետ կապված ծախսերը: Սակայն, ըստ նրա, ծառայողական մեքենաների կրճատումն ավելի շատ ոչ թե ֆինանսական, այլ բարոյական խնդիր է: Փոխնախարարի խոսքերով՝ իսկապես կան ծախսեր, որոնց մի մասը ենթակա է կրճատման։ «Օրինակ` կան ծախսեր, որոնց նպատակը շատ բարի է, բայց այդ ծախսերն իրականում այն արդյունքները չեն տալիս, ինչ պետք է տան: Մտածում ենք, որ բյուջեի քննարկման ժամանակ առաջարկելու ենք կրճատել: Մենք հիմա աշխատում ենք բոլոր նախարարությունների հետ և մինչև ամսվա վերջ ինչ-որ սցենար կներկայացնենք»,- ասաց։
Հունիսի 13-ին ժամը 12-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի: Առաջարկը կառավարությանն է: Նախարար Դավիթ Հարությունյանի տեղեկացմամբ, նստաշրջանի նախնական օրակարգում մի շարք միջազգային պայմանագրեր էին, որոնք հանվեցին օրակարգից, քանի որ դրանց վերաբերյալ չկա Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը: «Ավելին, քանի որ այսօր դեռ ԱԺ հերթական նիստն է, տեսնենք, կախված հարցերից, գուցե մի քանի լրացումներ անենք՝ քվեարկության հարցերով»։
Կառավարությունը որոշեց տնտեսվարողների մոտ ստուգումների իրականացման արգելքի ժամկետը երկարաձգել. հուլիսի 1- ից այն տեղափոխվեց դեկտեմբերի 31- ը:
Ինը տարի ժամանակով «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականցնելու թույլտվություն ստացավ «ՋԻԳՈՍ ՋԵԼՐԻ» ՍՊԸ-ն: Ընկերությունը կզբաղվի ոսկեչությամբ ու արծաթագործությամբ: Խոստացվլ է մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել: Բացի այդ, 2016թ-ին կստեղծվի 10 , հետո՝ 50 աշխատատեղ: Միջին աշխատավարձը, ըստ վարչապետի, 200-500 դոլար է լինելու։
Լուծում տրվեց նաև Արմավիրի պահածոների գործարանի շենքում բնակվող անօթևանների խնդրին։ Բնակիչները 66-70 հազար դրամ գումար չունեին, որպեսզի գրանցվեին իրենց հասցեներում: Կառավարությունը որոշեց աջակցել նրանց ու վարչապետի հստակեցմամբ, 36 անօթևան ընտանիքի խնդիր կլուծվի:
ՀՀ պաշտպանության նախարարության գործող հոսպիտալի (զորամասի) բազայի հիման վրա ստեղծվելու են «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ», «Երևանի կայազորային հոսպիտալ», «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ», «Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ» և «Լոռու կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկներ։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ զինվորական հոսպիտալների միջոցով հնարավոր կլինի ապահովել զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումը, անհրաժեշտ դեղերով ապահովումը:




